Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանը կրկին կհանդիպե՞ն
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ ”Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ևս մասնակցել է հանդիպմանը, տարածված հայտարարությունից բացի ավելացնելու ոչինչ չունի:
Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ այս հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել, որում միայն ասվում է, որ քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:
Մարտիրոսյանը, սակայն, չբացառեց, որ մինչև վարչապետի նշանակումը կամ ապրիլի 28-ը կուսակցությունների առաջնորդները ևս մեկ անգամ հանդիպեն: Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ը չէր մասնակցում հանդիպմանն, ապա նա նշեց, որ որևէ խնդիր դրա մեջ չի տեսնում: ”Աղվան Վարդանյանն արդեն ասել է, քաղաքական ուժի դիրքորոշում է:
Համոզիչի կամ անհամոզիչի խնդիր չեմ տեսնում, իրենց մոտեցումն է”,-նշեց նա:
Մարտիոսյանի խոսքով` այն, որ ՀՅԴ-ը չի մասնակցել, չի նշանակում, որ դուրս է եկել քառյակից:
Նշենք նաև, որ երեկ երեկոյան նախատեսվում էր, որ պետք է հայտարարվեր նոր վարչապետի անունը: Մարտիրոսյանի կարծիքով` երեկ դա չհայտարարեցին, որովհետև անկայուն վիճակ է և իշխանության ներսում, և երկրում: