01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը

   Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով: Երեւանի զարգացման քառամյա ծրագրով ու ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված հանգստի գոտիների կառուցմամբ հարմարավետ միջավայր կապահովվի երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար. «Երեւանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս ծրագրերի կյանքի կոչմամբ մենք լուծում ենք կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման ու թարմացման, ինչպես նաեւ անմխիթար վիճակում գտնվող այգիների բարեկարգման խնդիրը:

    Սա, ըստ էության, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրերի հաջորդական իրականացումն է նաեւ, որոնք, էլ ավելի ընդլայնելով ծավալներն ու շրջանակները, հետզհետե կյանքի են կոչվում: Հարկ եմ համարում նաեւ նկատել, որ մենք այս ուղղությամբ նաեւ ծրագրային առաջանցիկ  աճ ենք գրանցել, ինչն իր հերթին հնարավորություն է ընձեռում հաջորդող տարիներին չնախատեսված այլ տարածքներ ներառել բարեկարգման ծրագրերում, որոնք նույնպես ուղղված կլինեն մայրաքաղաքի զարգացմանը»,- ընդգծել է Սիրեկան Օհանյանը: 

   «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին, վարձակալի կողմից, ինչն, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Ծրագրի արդյունքում հանգստի այս գոտին  բնակիչներին կներկայանա նորովի եւ ապահովված կլինի լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. «Համալիր ծրագրի արդյունքում, պահպանելով բարեկարգման բոլոր բաղադրիչները, խնդիր է դրված արդիականացնել մանկական ատրակցիոնները, ոռոգման համակարգը, ինչն իր հերթին հնարավորություն կտա թարմացնելու ծառուղիներն ու սիզամարգերը: Ճարտարապետական նոր լուծումներով էլ կարդիականացվեն այգում առկա եւ ներկայումս գործող օբյեկտներն ու շինությունները»,- նշել է Սիրեկան Օհանյանը:

   Անդրադառնալով Գլխավոր պողոտայի Վերնիսաժին եւ Մալիբու սրճարանին հարակից հանգստի գոտիների բարեկարգման նախագծերին՝ Սիրեկան Օհանյանը նշել է, որ վերը նշված զբոսայգիների վերակառուցումը եւս անհրաժեշտություն էր. «Սարյան – Մաշտոց, ինչպես նաեւ Նալբանդյան – Հանրապետության փողոցներին հարակից հատվածներում գտնվող 1970-ական թվականներին շահագործման հանձնված հանգստի այս գոտիներն արդեն տասնամյակներ շարունակ կորցրել էին իրենց նպատակային նշանակությունը: Բարեկարգման ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում, եւ այգիները կվերագտնեն իրենց երբեմնի հմայքը: Հարկ է նշել, որ այգիների նախկին նախագծային լուծումներն ու կանաչ տարածքները պահպանվելու են: Կարդիականացվեն առկա ջրավազաններն ու շատրվանային համալիրները, կավելանան սիզամարգերը, կտնկվեն Երեւանի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներ:  Կարող եմ վստահեցնել, որ արդյունքում այդ գոտիները կդառնան ավելի բարեկարգ եւ ավելի կանաչապատ՝ ապահովելով հարմարավետ նոր միջավայր»,- նշել է Սիրեկան Օհանյանը:   

   Ընթացիկ տարում կավարտվի նաեւ Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման ծրագիրը: Շուրջ 7 հա կազմող տարածքում եւս կստեղծվեն հանգստի հարմարավետ պայմաններ: Կարդիականացվեն արտաքին լուսավորության եւ ոռոգման համակարգերը: Պանթեոնի հարակից այգու տարածքը, որն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում, ամբողջությամբ կվերակառուցվի ու կդառնա քաղաքային նշանակության լիարժեք հանգստի գոտի:

    Սիրեկան Օհանյանը ներկայացրել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով Ստեփանակերտում վերակառուցվող Ազատամարտիկների այգու նախագիծը: Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագիրն, ըստ էության, գործընկեր քաղաք Երեւանի նվերն է ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Վերակառուցման ծրագրի արդյունքում ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատամարտիկների այգին կներկայանա նորովի ու նոր հնարավորություններով:

Բանախոսի ներկայացմամբ՝ հանգստի գոտիներից  բացի, Երեւանի զարգացման ծրագրերում առանձնակի կարեւորվել է նաեւ նոր շրջանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք ուղղված են մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկության բեռնաթափմանը. «Նմանատիպ ծրագրերից է Իսակովի եւ Արշակունյաց պողոտաները միմյանց կապող նոր ճանապարհի կառուցումը, որն, ըստ էության, Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու տրամաբանական շարունակությունն է դառնալու»,- նշել է «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը:

    Ընդհանուր առմամբ, 2014թ.-ին նախատեսված այգիների եւ պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման ծրագրի արդյունքում ընթացիկ տարում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա եւս 10-ով՝ շուրջ 25 հա տարածքով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն  

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ