Հովիկ Աբրահամյանը լսում է ժողովրդի ու մտավորականի ձայնը. ինչպիսի վարչապետ է անհրաժեշտ
Չարենցագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ վարչապետ կարող է նշանակվել այն մարդը, ում անունը հիմա շրջանառվում է, միգուցե և նա, ով արդեն եղել է վարչապետ: ”Ով գալու է, բարով գա, բարով կառավարի, ու երեսը դեպի ժողովուրդը դարձնի ու ծառայի ժողովրդին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն էլ հայտնեց, որ իրենց երկրի նախագահին են դիմել` ներկայացնելով, թե ինչ կետերի պետք է ուշադրություն դարձնել նոր Կառավարություն նշանակելիս: Ըստ նրա` նախ և առաջ նոր Կառավարությունը մասնագիտական բարձր որակ պիտի ունենա, կարողանա ապահովել տնտեսական աճ, կասեցնել արտագաղթը, վարչապետը հասարակական դժգոհություն չպիտի առաջացնի, պետք է ուշադրություն դարձնի մշակույթին:
”Մեկ օրում հնարավոր է բացել բանուկ ճանապարհ մեր ժողովրդի համար, բոլոր նախարարները պետք է լինեն տվյալ ոլորտի լավագույն մանագետները”:
Henaran.am-ի հարցին, թե ՀՀԿ-ի, թե այլ կուսակցությունների մեջ է տեսնում նման մարդկանց, Ափինյանը պատասխանեց. ”Ճիշտ ենք համարում այս պահին կոալիցիոն Կառավարության կազմում, եթե կադրերը միայն լինելու են ՀԿԿ-ից, չի լինի հասարակական համերշխություն, խորին հարգանք ունեմ մյուս կուսակցութունների հանդեպ ևս, այնտեղ ևս բանիմաց կադրեր կան”:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածության վերաբերյալ Գասպարյանը ոչինչ չասեց` նշելով, որ չի ցանկանում գուշակություններ անել, իսկ Ափինյանը ողջունեց այդ թեկնածությունը. ”Լավ փոփոխություններ կլինեն: Նախորդ վարչապետից ոչինչ չտեսա, իմ կարծիքով` Հովիկ Աբրահամյանն ավելի ժողովրդի մարդ է, մի ականջով լսում է գյուղի, մյուսով` մտավորականի ձայնը: Իսկ մեր անցած վարչապետը մեզ համար ոչ ականջ ուներ, ոչ բերան: Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի խանգարում աշխատել, չի կարելի ասել, որ նախագահը թույլ չտվեց նրան աշխատել”: