29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Դորտմունդում հանդիպել եմ Մխիթարյանին”.Շալանդն անցնում է գործի

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է հարցազրույց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ:

– Պարոն Շալանդ, Երեւանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք եւ գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երեւանում եք: Կպատմե՞ք  այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:  

 – Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության  պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան եւ աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է եւ համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը եւ Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի ”Ցյուրիխը”: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան եւ Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք եւ պայմանագիր ”Ցյուրիխում”: Ես խոսեցի ”Ցյուրիխի” նախագահի հետ: Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում եւ գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս եւ գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: ”Ցյուրիխում” հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:

Այդ ընթացքում մեկնեցի նաեւ Դորտմունդ եւ դիտեցի ”Բորուսիա”-”Զենիթ” հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ ”Ալկմար”-”Անժի” հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը  ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան եւ տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երեւան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները եւ հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, եւ մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

 – Դուք ունեք նախընտրելի սխեմա՞, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞  ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:

 – Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում եւ համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը:  Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում:  Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ, մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար եւ օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել եւ հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է եւս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը: 

– Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:

 – Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, եւ դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաեւ հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:

 – Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով եւ մարզումային պայմաններով:

 – Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, եւ ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:

– Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից: 

– Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, եւ կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին եւ հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում եւս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ