”Արմեն Նազարյանը մեր մրցակիցն է”.Ջուլֆալակյան
Այսօր մամուլի ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ամփոփեց Ֆինլանդիայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:
”Եվրոպայի առաջնությունը կարելի է համարել կայացած: Ունենք լուրջ մեդալներ եւ կայացած թիմ: Պատրաստ էինք նվաճել 4-5 մեդալ: Տեղի ունեցան ինչպես տակտիկական սխալներ, այնպես էլ մրցավարական կոպիտ սայթաքումներ: Չգիտեմ` սայթաքում ասեմ, թե դիտավորություն”,-ասաց Ջուլֆալակյանը:
Նա նշեց, որ Բուլղարիայի հավաքականի մարզիչ Արմեն Նազարյանը, ով դեմ էր արտահայտվել Հայաստանի կողմից մրցավարության բողոքարկմանը, իր սիրելի ըմբիշներից է, իր լավ ընկերը, սակայն փաստն այն է, որ այժմ նա մեր մրցակիցներից է: ”Ես հասկանում եմ, որ նրան հաճելի չի լինի այդ գոտեմարտի պարզաբանումը, քանի որ Կարեն Ասլանյանը հանդիպել էր հենց նրա սանի հետ: Մեր ֆեդերացիան քայլեր կձեռնարկի: ՖԻԼԱ-ին բողոք ենք ներկայացնելու, դիմելու ենք նախագահ Նենադ Լալովիչին, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէր Եվրոպայի առաջնությանը”,-հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Ըստ նրա` հարցի բացասական կողմն այն է, որ Հայաստանը չունի օլիմպիական կարգի մրցավարներ, ովքեր իրենց ազդեցությունը կունենային մյուս մրցավարների վրա, եւ անարդար մրցավարություն չէր լինի: