27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շոուն պետք է շարունակվի

Երբ տարածվեց ՀՔԾ և ԱԱԾ պետերի առաջին գաղտնալսման ձայնագրությունը, ֆեյսբուքյան հանրությունը պայթեց, ինչպես երկինքն ամպրոպից: Ինչու՞ եմ շեշտում՝ ֆեյսբուքյան հանրությունը, որովհետև բոլոր «աղմկահարույցներն» ամենից շուտ այդ ֆիլտրով են անցնում: ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարները շտապեցին պարզաբանումներ տալ:

Հեղափոխության առաջնորդը, որ դեռ չգիտեր դեռևս չհրապարակված ձայնագրության 2-րդ մասում իր գլխավոր դերակատար լինելը, ազնիվ համարեց, որ այդ երկուսը գնան և հանրությանը հրապարակայնորեն բացատրություն տան իրենց ասածների համար: ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարները դա արեցին, բայց հրաժարական չտվեցին, ինչպես կանեին իսկապես իրավական որևէ պետության մեջ:

Մասնագիտական վերլուծությունների և հարցազրույցների պակաս էլ առանձնապես չզգացվեց: Որքան էլ մի մասն ասում էր, թե կատարվածն առանձնապես մեծ բան չէ, գործընկերների միջև շարքային զրույց է, ուղղակի ամոթ նրանց, ովքեր ականջ են դրել, մեկ է, օդի մեջ կախվեց «ոչինչ չի փոխվելու առաջվա համեմատ» մռայլ կասկածը, որը որդի պես կրծել սկսեց  շատերի սիրտը: Բայց քանի որ մեր հանրությունն ամենածանր լուրից անգամ մեջքը շտկելու ունակություն ունի, այս անգամ էլ շտկեց, մանավանդ որ, դա արդեն հպարտ քաղաքացու մեջք էր:

Երբ շատերն արդեն մոռացել էին այդ գաղտնալսման մասին, նախընտրական քարոզարշավի պիկին, երկրիս թիվ 1 հեռուստաբանավեճի հեռարձակմանը զուգահեռ, հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը՝ այս անգամ նոր և գլխավոր դերակատարի մասնակցությամբ:

Թվում էր, այս անգամ  գաղտնալսվածներն  այլևս չէին կարող իրենց թույլ տալ մեղմացուցիչ դեպք հանցանացից օգտվել, բայց արի ու տես, որ դրանից օգտվելու  անհրաժեշտություն մինչև իսկ չեղավ: Գաղտնալսված թիվ 1 անձը շտապեց հանգստացնել ժողովրդին, թե, ժողովուրդ ջան, շարունակիր հպարտ ու երջանիկ լինել, որովհետև գաղտնալսվածն առանձնապես մեծ բան չէ, և մեր ախպերական զրույցի նյութն էլ լրիվ օրենքի և իրավունքի շրջանակներում է, իսկ, այ, նրանք, որ գաղտնալսել են մեզ, բոլորիս պարտքն է սրբազան պատերազմի ելնել այդ պետականակործան, դավադիր ուժերի դեմ:

Հետաքրքիր է, գործնականում իսկապե՞ս հնարավոր չէ օր ու գիշեր այնպես ծառայել ժողովրդին, որ մեծագույն ցանկության դեպքում էլ դավադիր գաղտնալսիչները գաղտնալսելու, առավել ևս այն բացահայտելու նյութ չունենան: Հնարավոր չէ՞ օրը 24 ժամ հարգանք ներշնչող մեկը լինել ինքդ քո և հասարակության աչքին: Բայց որքան էլ տարօրինակ էր, այս անգամ հայոց երկնակամարը պարզ մնաց, այն չմթագնվեց ոչ մի ամպրոպով: Հանրային դաշտը գրեթե անարձագանք մնաց կատարվածին: Բարձրացել էր նրա քաղաքական իմունիտե՞տը և կասկածի ոչ մի որդ այլևս չէ՞ր կարող հանգրվանել բարձր իմունիտետով օրգանիզմում, թե՞…. Դժվար է ասել, որովհետև այս անգամ մասնագիտական գնահատականներ էլ առանձնապես չհնչեցին: Եվ որքան էլ արդարադատության նախկին նախարարը կուրծք ծեծի և ասի, թե չեք գտնի մի իրավաբան, որը կնայի իր գործընկերների աչքերին ու կասի, որ զրուցակիցներն իրենց զրույցով արդարադատության դեմ իսկապես չեն մեղանչել, միևնույն է,  խաղի օրենքները խաղից դուրս մնացածներին թույլ չեն տա լսել: Դա ցանկացած խաղի անփոփոխելի օրենքն է: Մանավանդ որ, ինչպես հայտնի երգում է,  շոուն պետք է շարունակվի:

 

Արաքս Պողոսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ