24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը՝ վարչապետի հրաժարականից. Ilur.am

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց  է տվել Ilur.am-ին:

– Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։

– Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։

Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։

– Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին եւ սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որեւէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։

Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր եւ արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։

– Անշուշտ այդպես էր, որովհետեւ իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենեւին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, եւ անգամ ավելին։

Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։

– Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը եւ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարեւորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։

Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ անցկացնել Ուկրաինայում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ։

– Զուգահեռներն, իմ կարծիքով, բոլորովին անտեղի են։ Ուկրաինական իրադարձությունները կապված են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժական» երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջեւ Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր եւ դեռեւս շարունակվելու է ապագայում։

Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։

Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենեւին առնչություն չունենալով Եւրոասոցացումից դեպի Եւրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ։

Անձամբ Ձեզ ոմանք մեղադրում են նաեւ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարության համար, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

– Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը։

– Ոմանք էլ, համաձայնելով հանդերձ, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը իսկապես անշրջելի է, միեւնույն է, Հայ Ազգային Կոնգրեսին կշտամբում են, թե ինչու նա չկարողացավ այնպես անել, որ այդ գործընթացն անշրջելի չդառնա։

– Համաձայնեք, որ սա արդեն նմանվում է ՛՛Բա խի գլխարկ չես դրել՛՛ բնույթի անհեթեթության, քանի որ այդպիսի կշտամբանք թերեւս կարելի էր հասցեագրել ում ասես, բայց ոչ երբեք Հայ Ազգային Կոնգրեսին, որը վեց տարի շարունակ գնդակոծվելու, հալածանքների ենթարկվելու, զնդանների դատապարտվելու գնով արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա օրինակարգ իշխանություններով օժտված, հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, կենսագոյության ու զարգացման այլընտրանքներ ունեցող արժանապատիվ պետություն, ինչը նրան թույլ կտար երբեւիցե չկանգնելու արտաքին ուժերի միջեւ հարկադրական ընտրություն կատարելու փաստի առջեւ։

– Շատ լավ, իսկ այժմ վերադառնանք վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, սկսելով այն հարցից, թե Ձեր կարծիքով, այսուհետեւ ինչպիսի ռազմավարություն է ընտրելու Սերժ Սարգսյանը։

– Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ