Հաղթակամար Ծառուկյանի “կոնյաչնիի” մոտ. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը.
“Կատաղի մարտ ծավալվեց դիմող կողմի շահերը պաշտպանող Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի ու Մերի Խաչատրյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչներ Հակոբ Հակոբյանի (ԱԺ հանձնաժողովի նախագահ), Արտեմ Ասատրյանի (նախարար) եւ Ներսես Երիցյանի (ԿԲ փոխնախագահ) միջեւ։ Արդյունքում առաջին եռյակը անվերապահ հաղթանակ տարավ երկրորդ եռյակի նկատմամբ։
Այստեղ ահա թե ինչ զուգահեռ է ակամայից առաջանում։
Տիտոս Լիբիոսը գրում է, որ Հռոմի պատմության արշալույսին հարեւան Ալբա քաղաքի հետ վեճը մի անգամ լուծում էին ոչ թե պատերազմով, այլ երեքը երեքի դեմ մարտով։ Ալբացիները մարտասպարեզ հանեցին Կուրիացի երեք եղբայրներին, իսկ հռոմեացիները՝ Հորացիոս երեք եղբայրներին։
Ողջ մնաց միայն Հորացիոսներից մեկը։ Նա հանեց իր սպանած վերջին թշնամու թիկնոցը եւ հաղթական քայլերով ուղղվեց յուրայինների կողմը։ Հրճված համաքաղաքացիների մեջ մի կին՝ նրա քույրը, դիմավորեց Հորացիոսին արցունքներով ու կշտամբանքներով։ Նա սպանված Կուրացիի հարսնացուն էր եւ այդ պահին ճանաչեց նշանածի թիկնոցը եղբոր ուսերին։ Հորացիոսը խոցեց քրոջը թրով։
Հռոմեացիները հայտնվեցին բարդ կացության մեջ. Հռոմին հաղթանակ բերած հերոսը մահապատժի ենթակա քրեական հանցանք գործեց։ Ինչպես գրում է Տիտոս Լիբիոսը՝ «նրան արդարացրին ավելի շուտ արիությամբ հիացմունքից, քան արդարության զգացումից դրդված»։
Բայց քրոջ սպանությունը չմոռացվեց։ Փողոցի վրայով տախտակ գցեցին եւ Հորացիոսին հրամայեցին անցնել դրա տակով՝ որպես լծի։ Այդպես առաջացավ ռազմարշավներից բանակին դիմավորելու համար հաղթակամարներ կառուցելու ավանդույթը։ Անցնելով այդպիսի կամարի տակով, զինվորները մաքրվում են պատերազմում գործած սպանություններից, որոնք քաղաքացիական հասարակության մեջ, խաղաղ կյանքում համարվում են հանցագործություն։
Այնպես որ՝ քառյակը կարող է Ծառուկյանի “կոնյաչնիի” մոտ շտապ կարգով հաղթակամար կառուցել, դրա տակով անցկացնել Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին ու Մերի Խաչատրյանին, ավարտել այդ պատմությունն ու գլխովին նվիրվել ապրիլի 28-30-ի եռօրյա միտինգի նախապատրաստությանը”։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: