Արցախյան հարցը կարող է հարվածի տակ դրվել. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ նախընտրական բուկլետում նշված է, որ Դաշնակցությունը կողմ է զիջումները բացառող, զարգացող և անվտանգ Հայաստանին ու Արցախին և դեմ է Արցախի հարցում պարտվողական, զիջողական քաղաքականությանը:
ՀՅԴ պատգավորական թեկնածու Արմեն Ռուստամյանը անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ասել է` զիջումները բացառող քաղաքականություն, և քանի որ նշված է` դեմ են պարտվողական քաղաքականությանը, արդյո՞ք նման դեպքեր եղել են, որ Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն ենք վարել, ասաց, որ «ոչ զիջողականություն» ասվածը շատ հստակ է` պետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որն Արցախի ժողովուրդն արտահայտել է իր սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այսինքն, ըստ նրա, եթե բոլորը խոսում են այն մասին, որ պետք է այնպիսի լուծում լինի, որ Արցախի ժողովրդի կամքով լինի, ապա Արցախի ժողովուրդն այդ կամքը շատ հստակ արտահայտել է Սահմանադրության 175-րդ հոդվածով:
«Չզիջել` նշանակում է այս տրամաբանությունը չխափանել, չխախտել: Այո, պարբերաբար նաև եղել են այնպիսի դրսևորումներ, որոնք առնվազն 175-րդ հոդվածի չափանիշներին չեն համապատասխանել, և դրանք բոլորը մեզ համար համարվել են պարտվողական ու զիջողական: Այսինքն` տրամաբանությունը շատ հստակ է, և այսօր բոլոր քաղաքական ուժերն այդ հարցին պետք է հստակ պատասխան տան` ընդունո՞ւմ են, որ պետք է առաջնորդվեն Ղարաբաղի ժողովրդի` արդեն իսկ արտահայտած կամքով, որը հստակ ձևակերպված է, թե՞ ոչ»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով` առաջիկա ամիսներին նոր զարգացումներ կարող են մեզ թելադրվել, պարտադրվել` մանավանդ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները նկատի ունենալով: Ըստ Ռուստամյանի` մենք թևակոխում ենք նոր փուլ, և սպասվում են նոր վտանգներ, որոնք պետք է կարողանանք հաղթահարել: «Բոլթոնի հայտարարության ենթատեքստում երևում են վտանգներ, որոնք կարող են բերել զիջողական քաղաքականության: Արցախի հարցում, բացի միասնությունից, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Պետք է հասկանանք, որ գոնե Արցախի հարցում բոլոր տարաձայնությունները, պառակտիչ դրսևորումները պետք է մի կողմ դնել և մեր միասնականությունը պահպանել, քանի որ այլ ուժ չունենք` դիմակայելու Ադրբեջանի ագրեսիային»,- ասաց դաշնակցական քաղաքական գործիչը:
Նա նշել է նաև, որ եթե այս հռետորաբանությունը, փողոցային լեզվակռվի այս իրավիճակը խորանա, մենք բացասական լիցք ենք կուտակելու:
«Իրար հետ գզվռտվելով` միայն հակառակորդի ագրեսիայի հնարավորությունն ենք մեծացնում, նրանց ջրաղացին ջուր լցնում: Դրա համար էլ պետք է սթափվենք ու հասկանանք, որ այս ամենը կանցնի, բայց գլխավոր խնդիրը, որը մենք միայն միասնականությամբ կարող ենք լուծել, կարող է հարվածի տակ դրվել: «Մի քանի ձայն այս կողմ, այն կողմ» հարցը եթե դառնա գլխավոր, մենք կկորցնենք համազգային կարևորության հարցերի լուծման հնարավորությունը»,- խոսքն ամփոփեց Ռուստամյանը: