Ելցինը ընկավ, Իսախանն էլ հետը. նամակ Սյունիքի մարզպետին /վիդեո/
-Ծըր տոն շատ մարդ ա եկալ, հո պայն չի պըտահալ,- հարեւանները անհնգստացած հետաքրքրվեցին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի 54-ամյա բնակիչ Իսախան Քարամյանից:
-Չէ, հետո կզանգիմ, հարմար չի,-պատասխանեց նա:
Իսախանի հյուրերը “Լեռնահայաստան” հիմնադրամի ներկայացացուցիչներն էին:
Մոտ 10 տարի է՝ Իսախան Քարամյանը գամվել է անկողնուն: Չգիտի ինչ հիվանդություն է, չի ախտորոշվել. ինքը ի վիճակի չէր տարածքային պոլիկլինկա դիմելու, վերջիներս էլ չեն հետաքրքրվել իրենց բնակչով:
“Ելցինը ընկավ, էս էլ հետը”,-ասում է նա: Իր իսկ խոսքով գնալով առողջությունը վատթարանում է՝ մկանները լարվում են, մի կերպ է տեղաշարժվում: Հաշմանդամի անվասայլակն էլ ջարդվել է: Հենված 83-ամյա մոր ուսերին հազիվ հասնում է պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու:
Մինչեւ վերջերս արտաքին աշխարհի հետ միակ կապող օղակը բջջային հեռախոսն էր: “Պա հինչ անիմ, զանգում եմ հարազատներիս խոսում, ժամերը մեռցնում եմ”,-ասում է Իսախանը:
Օրերից մի օր նամակ է գրում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Ախտորոշման ծախսեր չի ուզում, միակ խնդրանքը՝ համակարգիչն է: Գոնե դրանով տեղյակ կլինի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:
Չուշացավ նամակի պատասխանը: “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները այցելելով նրան՝ ժամանակակից համակարգիչ են նվիրում: Կօգտագործի՝ կսովորի օգտվել, ինտերնետի հարցն էլ կլուծվի: “Կարեւորը կամպյուտուրն ա որ կա, մնացածը կստացվի”,-հյուրերին հուսադրում է Իսախանը:
Անվասայլակի հարցն էլ է լուծելու հիմնադրամը:
Բացի դրանից հիմանդրամը հետաքրքրվում է Իսախանի ախոտորոշման խնդրով: Օրերս պիտի բուժհետազոտության ենթարկվի: “Կարող ա մի չնչին պեն լինի, մի հատ սանատորիա գնամ՝ բուժվեմ”,-ասում է նա:
Տեսանյութում ներկայացնում ենք մի հատված Իսախանի հետ զրույցից: