Ոչ մի երեխա ապահովագրված չէ շաքարային դիաբետից
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կան տիպ 1 դիաբետ ունեցող երեխաներ, եւ աշխարհում այդ երեխաների քանակը տարեկան ավելանում է 3 %-ով: Հայաստանում ունենք մինչև 18 տարեկան 576 երեխա տիպ 1 դիաբետով: Տարեկան ծնվում է 40-45 հազար երեխա, որոնցից 4-5-ը ունենում են շաքարային դիաբետ: Լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տվյալներ ներկայացրեց Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:
Ըստ նրա՝ դիաբետ ունեցող երեխաները ստանում են մի տեսակ բուժում՝ ինսուլինը, որը ներարկման ձեւով է տրվում երեխաներին: Այդ ինսուլինը նրանք պետք է ստանան իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Դեղն, ըստ տիկին Աղաջանովայի, բավականին թանկարժեք է, սակայն պետությունը այդ ծախսը վերցրել է իր վրա:
Նշենք, որ մեր երկրում 2005 թ-ից հաստատվել է մի ծրագիր, որի շրջանակներում երեխաները ստանում են լավագույն ինսուլինները, այն ստանում են ժամանակակից ներարկման ձեւով՝ գրիչ ներարկիչներով: Ինչպես Ելենա Աղաջանովան նշեց, դրանք հարմար են ցանկացած տարիքի երեխաների համար:
Նրա խոսքով, 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են, պատճառ կարող է հանդիսանալ որոշակի գեների մուտացիան, սթրեսային գործոնները, հղի կնոջ սննդակարգը եւ այլն: Ելենա Աղաջանովայի խոսքով. «Գիտությունը առաջ է գնում եւ անհրաժեշտությունը այդ նորագույն ինսուլինների, ինքնահսկման հնարավորության, նորագույն տեխնոլոգիաների կայանում է նրանում, որ ինչքան հնարավոր է նորմայի մոտ հասցնել գլյուկոզան եւ օրվա մեջ տատանումները՝ դրանով իսկ կանխարգելելով ուշ անոթային բարդությունները»:
Վերջերս ստեղծված «Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն ասաց, որ իրենց նպատակն է ապահովել բոլոր շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին անհրաժեշտ դեղորայքով. «Այսօր արդեն ունենք 6 ինսուլինային պոմպ տեղադրված: Ինսուլինային պոմպն իր կարեւորությունը արդեն ապացուցել է մանուկների մոտ եւ այն կարեւոր է ապագա մայրերի համար: Այդ պոմպերը բավականին թանկ են, իսկ պետությունը չունի այդքան հնարավորություն եւ մեզ հարկավոր է ֆինանսական օգնություն»:
Ըստ մասնագետների, մեր երկրում չկա շաքարային դիաբետի ապահովագրություն, այդ պատճառով «Շաքե» հիմնադրամը կփորձի 5-6 տարում ցանկացած երեխայի տրամադրել թե՛ պոմպը , թե՛ դրա ամենամսյա ծախսատար պարագաները: