Կլինի հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը

Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգևոր կապով: Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում:
Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան «նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար:
Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյան զոհաբերումը:
Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք՝ կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել:
Ես հավատում եմ՝ կլինի հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը:
Վահան Տերյան