ԱԺ արտաքին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված “Օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին” համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է ապահովել օդային տարածքի անվտանգ օգտագործման, ահաբեկչության հակադրման եւ օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման միասնական մոտեցում:
Արա Նազարյանը ներկայացրեց նաեւ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված “1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակը հավերժացնելու մասին” համաձայնագիրը, որով կողմերը համաձայնեցված միջոցառումներ են նախաձեռնելու` զարգացնելով Հայրենական մեծ պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակի հավերժացման գործում մարդասիրական համագործակցությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց 2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում ստեղծել համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգեր` բնակչությանը ցուցաբերելով որակյալ եւ հանրամատչելի բժշկական օգնություն:
Հանձնաժողովը քննարկեց 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված “Ազատ առեւտրի գոտու մասին” պայմանագիրը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ պայմանագրի նպատակն է ստեղծել ազատ առեւտրի գոտի, որը կնպաստի ապրանքների ազատ տեղաշարժմանը, ինչպես նաեւ սահմանել առեւտրային ռեժիմի առանձնահատկությունները եւ կարգավորել դրա կիրառման հետ կապված հարաբերությունները:
Տիգրան Դավթյանը ներկայացրեց նաեւ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված “Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին” բազմակողմ համաձայնագիրը, որի նպատակն է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ստեղծել միջազգային գիտահետազոտական կենտրոն` կիրառելով վերջինիս բարձրորակ հետազոտության արդյունքները:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված “Հավաքական անվտանգության մասին” պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին” արձանագրությունը, որով հստակեցվում է ՀԱՊԿ կանոնադրության 7-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված` ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին որոշումների ընդունման մեխանիզմը:
ՀՀ կառավությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված “Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին” միջազգային կոնվենցիան, որի նպատակն է նպաստել առեւտրի եւ փոխանակումների զարգացմանը` պարզեցնելով եւ ներդաշնակեցնելով մաքսային ընթացակարգերն ու գործելակերպը, խթանելով միջազգային համագործակցությունը:
2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված “Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին” համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Նշվեց, որ համաձայնագրի նպատակն է մարդու եւ քաղաքացու անձնական տվյալները մշակելիս ներդաշնակեցնել նրա իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն ապահովող նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման գործընթացը:
2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված “ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին” 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” արձանագրությունը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ արձանագրության նպատակն է փոփոխություններ եւ լրացումներ կատարել 1996 թ. դեկտեմբերի 28-ի համաձայնագրում եւ նրան կից արձանագրությունում` հաշվի առնելով պայմանավորվող պետություններում տեղի ունեցած տնտեսական եւ իրավական փոփոխությունները:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ներկայացրեց 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երեւանում ստորագրված “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի պետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին” համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկու կողմերի միջեւ օդային հաղորդակցությունների զարգացումը` նպաստելով այս բնագավառում միջազգային համագործակցությանը:
Պատգամավորները քննարկեցին նաեւ 2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված “Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին” կոնվենցիայի փոփոխությունը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կոնվենցիայի փոփոխության վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա միջուկային տեղակայանքների նկատմամբ կիրառել ֆիզիկական պաշտպանության ընդհանուր սկզբունքները:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:
Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: