Նիկոլ Փաշինյանը քանդեց հինը, սակայն նրան չի հաջողվում ապագայի զարգացման ստրատեգիա մշակել /տեսանյութ/
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանձնաժողովի կարծիքները չենք կարող հաշվի առնվել։ Պատճառն այն է, որ նշված մարմինը, սովորաբար, երկար է աշխատում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի գործոնին նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Բնականաբար, երբ նոր ԱԺ կընտրվի, կսկսվի մշակել նոր, նորմալ Ընտրական օրենսգիրք։ Բայց պետք է հիշել՝ ընտրությունները լեգիտիմ ճանաչում են ոչ թե Վենետիկի հանձնաժողովը կամ մեկ այլ մարմին, այլ հենց ժողովուրդը»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում մենիշխանություն հաստատվի, քաղտեխնոլոգը շեշտեց՝ քաղաքական ուժերը չպետք է պառկեն «դիվանին», իսկ հետո բողոքեն, որ չեն ընտրվել։ Արդեն այժմվանից, Բադալյանի խոսքով, նրանք պետք է նախընտրական ակտիվ գործողություններ ծավալեն, գիտակցեն, որ հաղթելու համար պետք է պայքարել։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանին, այո, հաջողվեց քանդել հինը, սակայն նրան և նրա թիմակիցներին չի հաջողվում ապագայի զարգացման ստրատեգիա մշակել՝ պատկերացնելու, թե ի վերջո 10-15 տարի հետո Հայաստանին ինչ ճակատագիր է սպասում։ Նրա խոսքով, առավելապես ականատես ենք լինում իրավիճակային լուծումների։
«Դուք տեսե՞լ եք նրա արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Դուք տեսե՞լ եք տնտեսական հայեցակարգը։ Փաշինյանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի ջատագով է դարձել, նա գրեթե ամեն ամիս Մոսկվա է այցելում, կարծես աշխարհում այլ քաղաքներ չկան՝ Փարիզ, Բեռլին, Լոնդոն, Պեկին, Դելի կամ Տոկիո»,- նշեց քաղտեխնոլոգը։
Խոսելով Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքներ» հետ վերադարձնելու հայտարարության մասին, վերջինս նկատեց, որ նա, իհարկե, հեռացող դեսպան է, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող կառույց չէ։
«Այո՛, սա գուցե հեռացող դեսպանի մեսիջ էր, բայց արդյոք պետդեպն է հեռանում»- ասաց նա։
Նրա համոզմամբ, հեռացող դեսպանների շուրթերով նմանօրինակ հայտարարությունները, կարծես, տրամադրություններ ստուգելու նպատակ ունեն»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։
Մանրամասները՝ տեսանյութում: