Անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի լրագրող Մարկ Պերելմանին` խոսելով մի շարք հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:
Փաշինյանը նշել է, որ իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկվածը վերաբերել է ոչ թե հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը:
«Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ: Մեր խոսակցությունն այն մասին էր, որ եթե իրավիճակը շարունակի այսքան լարված մնալ, ապա հնարավոր չի լինի խոսել կարգավորման մասին: Ըստ էության՝ մենք պայմանավորվել ենք մի քանի կետերի շուրջ, որպեսզի նվազեցնենք արցախա-ադրբեջանական, հայ-ադրբեջանական սահմաններին լարվածության աստիճանը»,-ասել է վարչապետը:
Լրագրողի հարցադրմանն առ այն, թե արդյոք բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել ոչ արդյունավետ լինելու պատճառով, ՀՀ վարչապետն ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխության հարցը երբևէ օրակարգային չի եղել և որ հայկական կողմը չի պատրաստվում նման առաջարկով հանդես գալ:
«Մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Բայց եթե նրանք հրաժարվում են խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, ինչպե՞ս է հնարավոր, որ ԼՂ-ն գտնվի Ադրբեջանի իշխանության տակ, եթե Ադրբեջանն անգամ խոսել չի ցանկանում Ղարաբաղի բնակիչների հետ: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Ղարաբաղի տարածքը, բայց ոչ այնտեղ ապրող ժողովրդին: Նրանք ցանկանում են ստանալ Ղարաբաղի տարածքն ու այն մաքրել մարդկանցից»,-ասել է Փաշինյանը: