Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ. Կոստանյան
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կարծում է, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ որևէ մեկը չի կարող ու չի ցանկանա խոչընդոտել գործող իշխանությանը։
«Ընդհակառակը, իմ խորին համոզմամբ, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև եթե ձախողվեց կառավարությունը, ձախողվում է երկիրը, ձախողվում է բոլորիս երեխաների ապագան», – «Ազատությանն» ասել է Գևորգ Կոստանյանը։
Պատգամավորի կարծիքով, որևէ մեկը չի մտածում իր նեղ կուսակցական ու նեղ անձնական շահերի մասին, այլ՝ երկրի ճակատագրի։
«Կա լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ, և դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, ապա այսօրվա իշխանությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի այն մակարդակը հանրային աջակցության, որը կարիք ունի օժանդակելու իրավական հարթության մեջ։ Ի՞նչ է դա նշանակում. եթե հիմա այս պայմաններում որևէ քաղաքական ուժ, վարչապետի հրաժարականի դեպքում, առաջադրի իր թեկնածուին, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու։ Եթե կա որևէ թեկնածու, որն ունի առնվազն նման հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել։ Բայց ես նման թեկնածու չեմ տեսնում, հետևաբար ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որևէ այլ թեկնածուի առաջադրելը կարող է արհեստածին լինել և խոչընդոտել։ Եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որևէ բանի ես երբեք կողմնակից չեմ», – հայտարարել է Կոստանյանը։
Նրա խոսքով, այս ժամանակաընթացքում ինքը տեսել ու համոզվել է, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ։
«Ինձ համար սա չափազանց մեծ նշանակություն ունի։ Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, ինչը ինձ համար անձնապես ընդունելի է։ Եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրությանն է օգտագործվում, ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ իր կողքին», – հավելել է ԱԺ պատգամավորը։