Բռնաբարված եւ մոռացված …
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում սեպտեմբերի 11-ին դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կշարունակվի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դռնփակ դատավարությունը:
Հիշեցնենք, որ 50-ամյա գյուղապետը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով:
Տուժած աղջիկն արդեն ավարտել է 9-րդ դասարանը եւ այժմ տանն է լինում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց աղջկա հորեղբայրը՝ Գագիկ Պարոնյանը: “Մի քիչ տարբերություն կա, դուրս ա գալիս գյուղ, բայց դե վախը կա, մանավանդ որ դատարանում տեսավ դրան: Էդ օրը էլի ստրեսի մեջ ընկավ”,-ասաց Գ. Պարոնյանը: Վերջինիս խոսքով` երեխայի ճակատագրով ոչ մեկը չի հետաքրքրվում: “Սաղ միանգամից մոռացան”,-ասաց նա:
Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանն էլ ասաց, որ նրանք երեխայի հարազատներին առաջարկել են վերականգնողական կուրսեր մայրաքաղաքում կամ գոնե երեխային տեղափոխել Գորիս: “Մեր մասնագետն էլի այցելում է նրան, բայց չի կարող ամեն օր հասնել գյուղ: Ասեմ նաեւ, որ արդեն աղջկա մոտ ծանր սթրեսը անցել է”,-մեր զրույցը եզրափակեց Ն. Ավանեսյանը: