Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսին
Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած` Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, եւ ընդգծեց, որ այցն ունի նաեւ կարեւոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս հայտնեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իրաքի փոխվարչապետը նշեց, որ ինքը տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական: Ռաուշ Նուրի Շաուեյսի խոսքերով իրաքյան պատվիրակության այցի նպատակն է համագործակցության զարգացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը, հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելը ու գոհունակությամբ ընդգծեց, որ Երեւանում կայացած հանդիպումները բավականին արդյունավետ էին:
Իրաքի փոխվարչապետը վերահաստատեց իր կառավարության որոշումը Երեւանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկեցին հայ-իրաքյան տնտեսական, էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը կարեւորվեց նաեւ իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Իրաքի փոխվարչապետը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Նախարար Նալբանդյանն ու փոխվարչապետ Շաուեյսը մտքեր փոխանակեցին Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: