Ներքին հրահանգ կա. Ժողովուրդ
Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում, հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել:
Սերժ Սարգսյանի դեմ
Ինչպես հայտնի է, 2015 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: ԱԱԾ տվյալներով՝ խումբը փորձել էր վերահսկել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայողների աշխատանքի կազմակերպումը: Ավելին՝ Արթուր Վարդանյանին հաջողվել էր գաղտնի նկարահանել Սերժ Սարգսյանի այցերից մեկը: Այս գործով նախաքննությունը 2016 թվականին ավարտվեց, եւ գործը ուղարկվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Սեղադրյալի աթոռին հայտնվել էին 20 անձ:
Նկատենք, որ մինչ թավշյա հեղափոխությունը բոլոր մեղադրյալների պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացրել դատարան, որպեսզի մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխարինվեր գրավով կամ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, սակայն բոլոր միջնորդությունները մերժվում էին: Իսկ երբ երկրում իրավիճակ փոխվեց, եւ 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հասկացավ որ «Նիկոլ, դու ճիշտ էիր, ես սխալվեցի», նույն դատարանները իրար հետեւից վերոնշյալ գործով մեղադրյալներին տարբեր պտտճառաբանություններով ազատ արձակեցին:
Օրինակ՝ Նորք Մարաշի «բանդայի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգն ուսումնասիրել է նաեւ Վարդանյանի մեղադրանքը եւ որոշել է ազատ չարձակել նրան: Ըստ ամենայնի, տարածված լուրերը, թե «ներքին հրահանգ» կա պարագլուխներին պահել կալանքի տակ, այնքան էլ իրականությունից հեռու չեն:
Օրաթերթի հետ զրույցում Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց. «Ներքին հրահանգի մասին տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ Արթուր Վարդանյանի քրեական գործով բոլոր ամբաստանյալները ազատության մեջ են, կալանքը փոխվել է՝ բացառությամբ Արթուր Վարդանյանի: Դատավոր Բեկթաշյանը մերժել է մեր միջնորդությունը, որ նրան ազատ արձակեն: Գտնում ենք, որ դատարանի այդ ակտը անհիմն է, եւ վերացական դատողությամբ որոշում է կայացվել, որը մենք բողոքարկել ենք վերաքննիչ դատարան»:
Նկատենք, որ ազատ արձակումների շարքից հետո այս գործերով դատական նիստերը չէին կայանում: Բայց ինչպես տեղեկացանք փաստաբան Լեւոն Բաղդասարյանից, ներկայումս դատական նիստերը առաջվա պարբերականությամբ ընթանում են՝ շաբաթվա մեջ մեկ օր:
Ի՞նչ վիճակ է «Սասնա Ծռեր»-ով
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որի արդյունքում սպանվեցին երեք ոստիկաններ՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը եւ Գագիկ Մկրտչյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին 32 անձ: Թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ պատգամավորները անձնական երաշխավորություն ներկայացրեցին դատարան, որի արդյունքում ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվեց ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Սակայն «այգեպանը» բոլորին ազատ արձակեց, բացի «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից եւ Պավել Մանուկյանից, որոնք շարունակում են մնալ կալանքի տակ:
Նշենք, որ Պավել Մանուկյանը համարվում է «Սասնա ծռերի» պարագլուխը: Հարց է առաջանում՝ ինչու ազատ չեն արձակվում Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը: Նրանք անազատության մեջ են, քանի որ վերջիններս մեղադրվում են ոստիկաններին սպանելու մեջ: Օրաթերթի հետ զրույցում Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը եւս ասաց, որ ներքին հրահանգի մասին ոչինչ չգիտի, որեւէ բան չի լսել, սակայն Պավել Մանուկյանի մասով կարող է ասել, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, այդ փորձաքննության պատասխանը ստանալուց հետո նոր պարզ կլինի, թե դատարանը նրան ազատ կարձակի, թե ոչ. «Հուսամ ազատ կարձակեն»:
Անդրադառնալով դատական նիստերի չկայանալու փաստին՝ պաշտպանն ասաց, որ նիստերը չկայացան, քանի որ դատավորն էր արձակուրդի մեջ, անցած նիստին Արայիկ Խանդոյանն էր վատառողջ եղել, չորեքշաբթի հերթական դատական նիստն է նշանակված:
Այսպիսով, կոնկրետ հանցախմբերի գործունեության առիթով հարուցված քրեական գործերով հիմնական դերակատարները դեռ շարունակում են կալանքի տակ մնալ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: