Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ
Ըստ Հայսմավուրքի՝ Հռոմի կայսր Կղոդիոսի կինը՝ Պատրոնիկեն, ընդունելով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք, ուխտի է գալիս Երուսաղեմ և փափագում է տեսնել Տիրոջ գերեզմանն ու Խաչափայտը։ Բայց Տյառնեղբայր Հակոբոսը տեղեկացնում է, որ հրեաները այն գողացել ու թաքցրել են։ Թագուհու խիստ միջամտությամբ գտնվում է Խաչափայտը և վերադարձվում Հակոբոս առաքյալին, որը և ըստ ավանդության երգում է.
«Խաչի քո Քրիստոս երկիրպագանեմք», սքանչելի տաղը։ Ուխտը կատարելուց հետո Պատրոնիկե թագուհին խնդրում է առաքյալից սուրբ Խաչափայտից մի մասնիկ շնորհել իրեն։ Սիրահոժար կերպով Հակոբոսը նրան է տալիս Խաչափայտի այն մասից, որի վրա մեր Տիրոջ սուրբ Արյան հետքերը կար։
Թագուհին այն Հռոմ է տանում, ու Խաչի մասունքը մնում է իր քրիստոնյա ժառանգորդների մոտ մինչև այն ժամանակը, երբ նրանցից մեկը՝ Հռիփսիմե իշխանուհին, իրեն Աստծուն նվիրելով՝ կուսանոց է մտնում, որի մայրապետը Գայանե կույսն էր։
Հռիփսիմեն սուրբ Խաչի մասունքը միշտ կրում էր իր պարանոցին¸ որը նրան պահում էր չարի ամեն տեսակի ներգործություններից։ Իսկ երբ Դիոկղետիանոս կայսրի ժամանակ սկսվում է հալածանքները քրիստոնյաների դեմ, վանքի կույսերը խմբով Հայաստան են փախչում։ Նախ նրանք բնակվում են Վանի գավառի Վարագա լեռան մոտ, որտեղ ճգնելու համար կային բոլոր հնարավորությունները, բայց որոշ ժամանակ անց, երբ բացահայտվում է նրանց թաքստոցը¸ ստիպված Հայաստանի խորքերն են գնում, մինչև Վաղարշապատի հնձանները¸ որտեղ և նահատակվում են Տրդատ թագավորի հրամանով։
Բայց Վարագա լեռան ճգնավայրից ելնելիս, նրանք մտածում էին, որ ճանապարհին կարող են բռնվել ու մասունքը ընկներ հեթանոսների ձեռքը, և խորագիտություն ցուցաբերելով՝ այն որոշում են տեղի երկու ճգնակենցաղ քահանաների խնամքին հանձնել։ Բայց վերջիններիս մահից հետո մոռացվեց Խաչափայտի մասունքի տեղը։ Եվ դարեր շարունակ ճգնակենցաղ քրիստոնյաները ճգնելով Վարագա լեռան վրա՝ աղոթք ու աղաչանք են արել Աստծուն, որ ցույց տա սուրբ Մասունքի տեղը։ Եվ, ի վերջո, երկու ճգնավորների Տիրոջ այցելությունն է լինում. յոթերորդ դարի կեսին (660թ.), Վարագայի ստորոտում գտնվող Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելն մի գիշեր զարմանահրաշ մի տեսիլքի են արժանանում. լեռան ժայռախիտ գագաթին նրանք տասներկու լուսե սյուներ են տեսնում, մեջտեղում ճաճանչափայլ Խաչը:
Երբ նրանք ակնապիշ նայում էին այդ հրաշքին, լույսը ավելի ու ավելի էր պայծառանում ու լուսավորում ամբողջ լեռը։ Հետո լուսեղեն սուրբ Նշանը վեր բարձրացավ և սքանչելի ու անկրկնելի մի երկնային լույս ցոլացնելով¸ եկավ մտավ այն եկեղեցին, ուր Թոդիկն ու Հովելը աղոթում էին, ու հանգչեց սուրբ Սեղանի վրա, որտեղ մասունքն էր դրված։ Տեսիլքը երևաց կեսգիշերին ու տևեց մինչև հաջորդ օրվա կեսօրը։ Նաև ավանդությունը պատմում է, որ այդ զարմանահրաշ տեսիլքի ժամանակ Խաչի լույսի միջից մի ձայն եկավ¸ որն ասում էր. «Քրիստոսը հաճեցավ այստեղ բնակվել՝ ի պահպանություն և ի փրկություն հայոց աշխարհի»։
Խաչապատում գրքից