Երեւանի փողոցներից երթուղայինների վերացման հարցը մեկ ամսում չի լուծվի
Հայկ Մարությանը, որը շուտով կստանձնի Երեւանի քաղաքապետի պաշտոնը, Facebook-ի իր էջում գրել էր, որ մեկ ամսից Երեւանում «գծատերեր» չեն լինի: Թեմայի շուրջ մեզ հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը փաստեց՝ որպեսզի Երեւանի փողոցներից երթուղայինները վերանան, անհրաժեշտ է մայրաքաղաքի ավտոպարկը համալրել նոր շարժակազմերով, եւ այս հարցը չի կարող մեկ ամսում լուծվել:
Նա նշեց, որ Երեւանի նոր ավագանին փաստացի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքի նոր նախագծի մշակման կարիք չունի, այն արդեն կա, քննարկվել է փորձագիտական խմբի կողմից, որի անդամն է նաեւ Չիլինգարյանը: Ընդ որում՝ այս նախագծի մշակման համար WYG միջազգային քոնսալթինգային ընկերությանը բավականին խոշոր գումար է վճարվել՝ 800 հազար եվրո, եւ նախագիծը փուլ առ փուլ պետք է ներդրվի 2019 թվականից:
«Պետք է տեղի ունենա աշխատանքային խմբի եւս մեկ խորհրդակցություն՝ ծրագրի ծախսային մասը քննարկելու համար, մասնավորապես՝ այն հարցը, թե որքան կարժենա նոր տրանսպորտային միջոցների ներմուծումը, մրցույթով ընտրված քանի տրանսպորտային օպերատոր կլինի: Առայժմ հայտնի չէ, թե ինչ որոշում կընդունեն նոր ավագանին եւ նոր քաղաքապետը, սակայն հաստատ պետք չէ նոր նախագծի վրա ծախս անել»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Նրա կարծիքով՝ ժամանակացույցի խախտումների եւ կրկնակի երթուղիների վերացման նպատակով արդյունավետ տրանսպորտային ցանցի համար անհրաժեշտ է ներդնել երթուղային գծերի առցանց-մշտադիտարկում, եւ այս գործառույթը կարող է կատարել կա՛մ քաղաքապետարանը, կա՛մ իրենք տրանսպորտային օպերատորները, սակայն ցանկացած դեպքում մայրաքաղաքի վարչակազմը պետք է իրականացնի վերահսկողության գործառույթը, որ օպերատորները չընկալվեն որպես «գծատերեր»:
Նա հավելեց, որ մայրաքաղաքային ավտոպարկը, որը մեծ մասամբ կազմված է երթուղայիններից, կարելի է տեղափոխել մարզեր, որտեղ ուղեւորափոխադրումներն այդքան ինտենսիվ չեն: «Երթուղայինները Երեւանին չեն համապատասխանում, առավել եւս, որ այդ «ԳԱԶել»-ները նախատեսված են փոքր բեռնափոխադրումների համար, իսկ մեծ ավտոբուսները, նույնիսկ կցորդով, միանգամայն համապատասխանում են ինչպես մայրաքաղաքի ճանապարհներին, այնպես էլ ուղեւորափոխադրումներին: Ի դեպ, այդպիսի ավտոբուսներ օգտագործվել են խորհրդային տարիներին՝ հայտնի «Իկարուսները»»,- եզրափակեց Կարեն Չիլինգարյանը: