Լավ կլինի հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների. Ալեքսանդր Իսկանդարյան
Երևանի ավագանու ընտրությունների ելքից տրամաբանորեն բխում են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այժմ լավ կլիներ հնարավորինս արագ գնալ խորհրդարանական ընտրությունների, և դրա հավանակնությունը շատ մեծ է: Այս խորհրդարանը պահել մինչև 2022 թ. հեշտ չի լինի, ինչպես նաև հեշտ չի լինի մինչև այդ ժամկետը պահպանել նման մեծ ժողովրդականություն: 2022-ին նման արդյունք ապահովել ես չէի փորձի: Խորհրդարանական ընտրությունների անցկացման համար այն խնդիրները, որ կան Փաշինյանի և նրա թիմակիցների առջև, տեխնիկական են՝ օրենսդրության փոփոխություն և այլն, նաև, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է ԱԺ-ում: Կարծում եմ՝ քաղաքական կամքի առկայության և աջակցության դեպքում արտահերթ ընտրությունները կանցկացվեն»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Հարցին՝ ՀՀԿ-ի ընդդիմանալը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը լուրջ խնդիր չի՞ լինի, Ն. Փաշինյանն ինչպե՞ս կհաղթահարի այդ խոչընդոտը, Ա.Իսկանդարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն 2 խնդիրներից մեկն է, դրանք են՝ ՀՀԿ-ի՝ օրինական օրենսդիրի ընդդիմացումը և ինստիտուցիոնալ պոտենցիալի բացակայությունը, այսինքն՝ քաղաքական համաձայնության թույլ լինելը: Մենք արդեն ավագանու ցուցակով դա տեսնում ենք, կադրերը քիչ են: Խնդիր կա կուսակցության ապագայի, որ պետք է ձևավորել:
ՀՀԿ-ի գործոնը՝ ինձ թվում է, որ, եթե լինի կամք և լայն աջակցություն, ապա ՀՀԿ-ի վրա ազդելու տարբերակ կգտնվի, ինչպես եղավ մայիսի 1-8-ին: Չեմ ուզում հուշել, բայց կարելի է գտնել հնարավորություն՝ մարդկանց գնել, խոսել, մտածել իրավական ձևեր, բայց եթե կամք լինի, դա հնարավոր է»:
Ա.Իսկանդարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի հետ կապված իրադրությունը բարդ է՝ խմբակցություն կա, կուսակցություն չկա, և որպես քաղաքական միավոր՝ այն վերացել է: