Ամեն ուրբաթ կհավաքվեն դատախազության առջեւ
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն ուրբաթ՝ սեպտեմբերի 7-ին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի հերթական ակցիան են կազմակերպել:
Նրանք պահանջում են արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, պատժել երիտասարդների եւ նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին եւ պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիականության ծառայողներին, կեղծ ցուցմունք տված պաշտոնատար անձանց:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին վիճաբանություն էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ քրգործ հարուցել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով: Ակտիվիստների պնդմամբ, ոստիկաններն էլ դաժան ծեծի ենթարկել իրենց:
Իսկ այս տարվա հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա` Արտակ Կարապետյանին, եւ երկուական տարվա ` Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ շնորհակալություն է հայտնել ակցիայի մասնակիցներին՝ իրենց մշտապես սատարելու համար, եւ համոզմունք է հայտնել, որ Կոնգրեսը իր համառ պայքարի շնորհիվ հաղթանակի է հասնելու:
Ըստ ՀԱԿ ակտիվիստների, ամեն ուրբաթ նրանք հավաքվելու են դատախազության առջեւ: