«էն տղեն չի, որ բեյջ կրի» … «ակնոցներդ կջարդեմ»
Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և լուսանկարներ: Դիտորդները նաև նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից և շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին և զրուցում նրանց հետ:
Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրատեղամասում ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու և հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տևում և պահանջել է հեռանալ:
Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը և դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատարմագրված որևէ խումբ չկա:
Նորք Մարաշ վարչական շրջանի 9/2 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայասատան» կուսակցության 3 անդամներ ուտելիք են հյուրասիրել հանձնաժողովի անդամերին: Ավելի ուշ անչափահաս երեխա է մուտք գործել ընտրատեղամաս և դարձյալ ուտելիք է բերել, նրան ընտրատեղամաս է ուղեկցել հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը:
Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից: Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:
Արաբկիր վարչական շրջանի 4/29 ընտրատեղամասը գտնվում է շքամուտքի առաջին հարկում, իսկ հենց շքամուտքի պատին փակցված է եղել «Լույս» դաշինքի քարոզչական պաստառ: Կատարվածի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահը, որից հետո պաստառը հեռացվել է, դեպքն՝ արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, դիտարկված 95 տեղամասային կենտրոններից 17-ը լիովին անմատչելի են։Դիտարկված տեղամասերից 8-ում հանձնաժողովի նիստի ընթացքում քվեասենյակում ոստիկան է եղել։
4 տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը կատարվել է խախտումներով։ 9 ընտրատեղամասում։
Հանձնաժողովի նիստի ընթացակարգը չի պահպանվել կամ մասամբ է կազմակերպվել 10 ընտրատեղամասում։
Քվեարկության մեկնարկից առաջ տարբեր խնդիրներ եղել են դիտարկված ընտրատեղամասերից 9֊ում:
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդների բաշխվածությունը ներկայացված է քարտեզում։ Կարմիրով նշված են այն տեղամասերը, որոնցում խախտումներ են արձանագրվել։