Այդպես միայն հեքիաթներում է լինում
‘’Ես վերջին 20 տարվա ընթացքում տեսել եմ 1000-ից ավելի հանրահավաքներ, հաստատ որ 1001 ը լինի, դրանից չի փոխվելու ինչ-որ բան, որովհետև հանրահավաքներով ինչոր բան փոխելու ժամանակները վաղուց անցել են’’,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով այսօրվա հանրահավաքից ակնկալիքների մասին, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերում է սպառնալիքներին, որ այս և նման այլ հանրահավաքները կարող են դառնալ մայդանի հիմք, ապա փորձագետը նշեց. ‘’Մայդան հենց այնպես ինքնաբուխ չի լինում: Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում մայդան իրականացնելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ, մասնագետներ, ֆինանսական աջակցություն և այլն: Դա բավական բարդ քաղաքական գործընթաց է, այնպես չէ` հանրահավաք անես ու հանրահավաքը դառնա մայդան, այդպես միայն հեքիաթներում է լինում ու հայկական որոշ լրատվամիջոցների պատկերացումներում’’:
Ըստ Բադալյանի` լինելու է սովորական հանրահավաք, ինչպես և նախորդները:
Խոսելով այս շարժմանը քաղաքական ուժերի մասնակցության մասին` Բադալյանն ասաց, որ քանի որ հարցը քաղաքական է, պիտի քաղաքական ուժերն էլ մասնակցեն: ‘’Բայց չպիտի շփոթել պայքարի քաղաքական ուղղությունն ու կուսակցական պայքարը: Ուղղակի ինքը շարժումը քաղաքական է, քանի որ պայքարում է կառավարության կողմից իրականացվող կոնկրետ հարցի դեմ, պայքարում է կառավարության սոցիալական քաղաքականության դեմ: Այսինքն` քաղաքական է, ու պարտադիր մասն է;, ինչի դեմ պայքարում են, կարող են հանել, եթե օրենսդրական նախաձեռնությունը մտնի Ազգային ժողով, իսկ դա կարող են անել միայն ԱԺ ոչ իշխանական ուժերը, դրա համար պետք է համագործակցեն, որ հաջողություն ունենան’’: