Շատ լուրջ պատժիչ պլան է պետք մշակել
Ադրբեջանական կողմի պահվածքը, մեծ հաշվով, նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, երբ գյուղացիներն իրենց հողամասերում, այգիներում, արտերում զբաղված են գյուղատնտեսական գործունեությամբ: Մեզ համար վերջին օրերի գնդակոծությունը նրանով է տարբերվում, որ դրա մասին արդեն բարձրաձայն ասվում է: Ես անձամբ բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել զրուցելու սահմանապահ գյուղերի բնակիչների հետ, և նրանք միշտ էլ ասել են, որ կրակոցներ գրեթե ամեն օր կան, գնդակոծություններ ՝ հազվադեպ: Բայց դրա մասին երբեք պաշտոնապես չի հրապարակվել, եթե զոհ կամ վիրավոր չի եղել: Մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել ու արժանացել պաթոսիկների հանդիմանանքին, թե իբրև իրավիճակ եմ սրում:
Կոթիի՝ գիշերվա գնդակոծումը և քաղաքացիական անձի վիրավորվելը խոսում է այն մասին, որ մենք ՀՀ սահմաններում պետք է ունենանք հստակ պատժիչ գործողությունների ծրագիր: Եթե գնդակոծում են մեր գյուղերը, մենք էլ մեկ այլ տեղ, որտեղ ունենք դիրքային և այլ առավելություն, գնդակոծում ենք իրենց գյուղերը: Պարտադիր չէ, որ այդ գնդակոծումը լինի նույն օրը, այն թող լինի երկու կամ երեք օր հետո, բայց անպայման լինի պատասխան, ինչը որ նախկինում չի եղել: Սահմանամերձ ադրբեջանական որոշ գյուղերի բնակիչները հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են: Մեր գյուղերը կամ դիրքերը գնդակոծվում են հիմնականում այն գյուղերի մոտ տեղակայված դիրքերից, որոնց բնակիչները, մեծ հաշվով, մեր նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված:
Ադրբեջանցիները փորձում են պատասխան կրակ ստանալ հենց այդ գյուղերի վրա, որպեսզի այնտեղի բնակիչներին հասկացնեն, թե հայերը ձեր թշնամիներն են ու ձեզ վրա են կրակում: Մի խոսքով՝ շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել, որպեսզի ակամայից չդառնանք նրանց ծրագրի իրագործման մասնակից: Գրում է Կիլիկիա Հայաստան օգտատերը: