Վերջին հրաժեշտը Արա Շիրազին
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր, ականավոր քանդակագործ Արա Շիրազը /Արամազդ Հովհաննեսի Կարապետյան/ ծնվել է 1941 թ. հունիսի 8-ին, Երեւանում` տաղանդավոր պոետներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում:
1966 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր, 1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ:
Արա Շիրազը 1960-ական թվականների ազգային մշակութային վերածննդի քանդակագործական արվեստի չափազանց հետաքրքիր անհատականություններից մեկն էր: Այդ շրջանի հայ կերպարվեստում գեղարվեստական ձեւերի թարմացման, պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Ա. Շիրազի մի շարք գործերում («Անտունի» /1969 թ., թուջ/, «Ներբող» /1970 թ., թրծակավ/, «Վահանով կինը» /1970 թ., դրվագված պղինձ, «Անի» հյուրանոց):
Նրա աշխատանքները, տարբեր դիմաքանդակները ներկայանում են հայկական ճարտարապետական ձեւերի, հայկական բարձրաքանդակի եւ 20-րդ դարի արձանագործության նորագույն լեզվի ներդաշնակ համադրությամբ` իրենց վրա գրավելով Հայաստան այցելող եվրոպացի եւ այլազգի խստապահանջ մասնագետների ուշադրությունը:
Ա. Շիրազը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (1992 թ., 1995թ. ԱՄՆ), աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում եւ այլուր: Նրա լավագույն դիմաքանդակներից են «Պարույր Սեւակ» (1974 թ.), «Եղիշե Չարենց» (1977 թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980 թ.), «Հովհաննես Շիրազ» (1989 թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989 թ.), «Վիլյամ Սարոյան» (1991 թ.), «Վազգեն Առաջին» (2008 թ.) եւ այլն: Երեւան քաղաքի ուշագրավ ու խորհրդանշական կերտվածքներից է ականավոր պետական ու քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որը նա կերտել է նշանավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի համահեղինակությամբ: Նրա «Սերգեյ Փարաջանով», «Երվանդ Քոչար», «Լեւոն Ներսիսյան», «Պաբլո Պիկասո», «Վրույր Գալստյան» քանդակները աշխարհի ցանկացած արվեստի հրապարակում քննություն բռնող ստեղծագործություններ են:
Տարբեր վայրերում տեղադրված Արա Շիրազի ստեղծած դիմաքանդակները ժամանակաշրջանի ճաշակն ու էությունը ներկայացնող, քանդակագործական արվեստի նկատելի արտահայտություններից են: Ա. Շիրազի գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ Հայաստանի ազգային պատկերասրահում:
1977 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման: 1979 թ. ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ` Երեւանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության քարտուղարության անդամ: 2009 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչման:
Մարտի 19-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Արա Շիրազի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/:
Վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում /հասցե` Աբովյան 16/: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով