26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկամտային հարկի նվազեցման մասին նոր համակարգը կբերի ավելի մեծ սոցիալական բևեռացման

Օրերս եկամտային հարկը նվազեցնելու մասին վարչապետի հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների է արժանացել մասնագետների կողմից. ոմանք պնդում են, որ այդ քայլով հնարավոր կլինի պայքարել աշխատաշուկայում առկա ստվերի դեմ և այդպիսով մեծ հոսքեր ապահովել դեպի բյուջե, իսկ ոմանց կարծիքով այն արդյունավետ մեխանիզմ չէ և միայն լրացուցիչ բեռ է դառնալու պետական բյուջեի համար:

Հիշեցնենք, որ վարչապետը կառավարությանն առաջարկել է մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը դարձնել 20 տոկոս, իսկ դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Ներկայումս հարկման երեք սանդղակ է գործում։ Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 23 տոկոս եկամտայինհարկ, 150 հազարից 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները 36 տոկոս հարկ են վճարում: Հարկման երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս հարկ՝ անկախ աշխատավարձի չափից: Վարչապետն ինքը խոստովանել է, որ երկրորդ տարբերակի, այսպես կոչված, համահարթեցման կողմնակիցն է, քանի որ ավելի բարձր աշխատավարձերից ավելի շատ հարկման մեխանիզմն, ըստ նրա, խրախուսում է ցածր աշխատավարձը, գործատուին պարտադրում է աշխատավարձը չբարձրացնել, որովհետև այդ դեպքում նա ստիպված կլինի ավելի շատ հարկ վճարել: Մինչդեռ համահարթեցմամբ, ըստ վարչապետի, կխրախուսվի բարձր աշխատավարձը:

Նա նաև հույս ունի, որ նոր համակարգը կաշխուժացնի տնտեսությունը՝ խրախուսելով մարդկանց խնայված տոկոսների հաշվին ներդրումներ անել տարբեր ոլորտներում, ավելի շատ գնումներ կատարել, ինչն իր հերթին կխթանի մանր ու միջին բիզնեսը:

Մինչդեռ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ կարծիքով բոլոր ակնկալվող փոփոխություններն առնվազն իրատեսեկան չեն:

Նրա տեղեկացմամբ՝ հարկային բարեփոխումների այս փաթեթը դեռ նախորդ տարի էր քննարկվում և դրանց ջատագովները նեոլիբերալ տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներն էին: Նրանք փորձում էին ցույց տալ, որ հարկերը կրճատելով՝ հնարավոր է տնտեսական ակտիվություն գրանցել: Բայց Սուրեն Պարսյանը փաստում է՝ մեր երկրում 27 տարիների ընթացքում իրականացրած տնտեսական քաղաքականությունը հակառակն է ցույց տվել, որ հարկերի կրճատմամբ մենք տնտեսական զարգացում չենք ապահովել, հատկապես ներառական զարգացում, փոխարենը հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել: Ըստ նրա՝ նույն տրամաբանությունն առկա է վարչապետի ներկայացրած փաթեթում, որով առաջարկվում է հարուստների համար նվազեցնել հարկերը՝ հույս ունենալով, որ նրանք այդ գումարները կուղղեն տնտեսության զարգացմանը. «Փորձը ցույց է տվել՝ երբ հարուստներն ավելի շատ եկամուտներ են ունենում, իրենք այդ գումարներն ուղղում են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ որպես ավանդ ներդնում են բանկերում և ավելացնում իրենց եկամուտը:

Շատ եկամուտ ստացողն հարաբերականորեն ավելի քիչ է սպառում, քան ցածր եկամուտ ունեցողը: Օրինակ՝ 150 հազար ստացողը մեկ ամսում  ամբողջությամբ սպառում է գումարը, քանի որ դրա կարիքն ունի, իսկ մեկ մլն ստացողը 500 հազարն է ծախսում, իսկ մնացածը խնայում է: Այսինքն՝ սպառողական պահանջարկը նվազում է, հարուստները շատ չեն սպառում, ակնկալվող ներդրումներ չեն արվում պետության մեջ, սպառման ծավալները հարաբերականորեն հավասար չեն խնայողություններին, ինչն էլ նաև պատճառ է դառնում, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունները փակվեն:Ներառական աճ ապահովելու համար հարկավորէ եկամուտների վերաբաշխում անել, դա պարտադիր է:

Այս փաթեթի ներդրման դեպքում ոչինչ չի փոխելու: Պետք է շատից շատ, քչից քիչ սկզբունքն աշխատի, հակառակ դեպքում կունանք հասարակություն, որտեղ կան ծայրահեղ աղքատներ և ծայրահեղ հարուստներ»:

 ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը համոզված է, որ հարուստներից որպես եկամտային հարկ հավաքագրված գումարները չեն կորի, եթե պետությունը դրանք ուղղի խոցելի խմբի համար կամ ամբողջ հասարակութան համար հանրային բարիքներ արտադրելու գործին. « Չեմ կարծում հարուստները դեմ լինեն, եթե իրենց հարկը նույնը մնա, փոխարենն այդ գումարների միջոցով բարձրագույն կրթությունը դառնա անվճար, կամ այլ սոցիալական ծրագիր իրականացվի: Այս դեքպում եկամտային հարկի օգուտն ավելի մեծ կլինի և նաև կնպաստի հասարակության բևեռացման մեղմացմանը:

Տնտեսագետը նշում է, որ 1980-ականներին Ռոնադ Ռեյգանը ևս բռնեց քաղաքական այա կուրսը, կրճատեց հարկերը՝ նպատակ ունենալով խթանել տնտեսությունը, սակայն տնտեսության անկում եղավ, ներդրումները պակասեցին և բարակեցության լուրջ խնդիրներ ի հայտ եկան երկրում: Ահա ինչու նա կարևորում է, որ մենք ի վերջո պետք է վերանայենք տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ և նեոլիբերալից անցում կատարենք սոցիալդեմոկրատական կարգավորման համակարգին, որտեղ հարկաբյուջետային քաղաքականութունը պետք է առանցքային լինի:

Ինչ վերաբերում է ստվերի կրճատման վարչապետի պնդմանը, ապա տնտեսագետն ասում է, որ այդ կանխատեսումը իրատեսական չէ. «Երբ տասը տարուց ավելի շահութահարկը ֆիքսված սահմանվեց 20 տոկոս, նման հույս կար, բայց գործարարները այդպես էլ իրենց իրական շահույի մեծությունը ցույց չտվեցին: Մեզ համար կարևոր է հարկային վարչարարության կատարելագործումը, ոչ թե հարկային դրույքի իջեցումը»:

Մյուս կողմից առաջարկվող համակարգը սոցիալական անարդարություն է ստեղծելու, քանի որ առաջին սխեմայով, որով առաջարկվում է մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողին 20 տոկոս հարկել, իսկ ավելի բարձրի դեպքում 25, արդար չէ. «Մեր բնակչության մեջ կան մարդիկ, որոնք ստանում են 1 մլն կամ ավելի գումար աշխատավարձ և նրանց նկատմամբ այդքան ցածր հարկեր սահմանելն անարդար է շատ ավելի ցածր աշխատավարձով ապրողների նկատմամ, որոնք, ի դեպ, անհամեմատ շատ են:

Անարդար է նաև, որ մարդու աշխատավարձի առաջին իսկ դրամը հարկվում է: Աշխարհոմ շատ քիչ երկրներ կան, ոտեղ չի գործում չհարկվող շեմը: Սովորաբար դա նվազագույն աշխատավարձի շեմն է: Նախկինում մենք ևս ունեինք չհարկվող շեմ, բայց այժմ այն չի գործում: Մենք պետք է առաջին հերթին չհարկվող շեմ սահմանենք բոլորի համար, ինչից առաջին հերթին կօգտվեն ցածր եկամուտով քաղաքացիները»:

Ի դեպ, հարկման նոր համակարգին անցնելու դեպքում կվերականգնվի նաև կուտակային կենսաթոշակային հարկի նախկին չափը՝ 5 տոկոսը, որը վերջերս կառավարությունը աշխատողի համար իջեցրել և դարձրել էր 2,5 տոկոս, իսկ մնացած 7,5 տոկոսի բեռը դրել էր պետության վրա: Հնարավոր է ցածր աշխատավարձ ստացողների համար միայն պետությունը շարունակի գանձել կուտակային կենսաթոշակային համակարգով նախատեսված 2,5 տոկոսը՝ հաշվի առնելով, որ ներքին օղակի եկամտային հարկը չի փոխվում: Բայց այս դեպքում էլ եթե 250 հազար աշխատավարձ ստացողի համար 25 տոկոս սահմանվի, ապա կենսաթոշակային հարկատեսակի տոկոսի հետ կստացվի, որ նա 30 տոկոս լրացուցիչ հարկ է վճարելու ներկայիս գործող 28 և կենսաթոշակային 2,5 տոկոսի փոխարեն, այսինքն՝ նա միայն 0,5 տոկոս կշահի:

Հարկային օրենսդրության նոր փաթեթում նախատեսվում է ավելացնել անուղղակի հարկերը, ինչը դեռևս չի հրապարակվել, այդ մասին դեռ բնակչությանը չեն տեղեկացնում: Այս մասին ևս տեղեկացրեց Սուրեն Պարսյանը. «Տրամաբանությունը հետևյալն է՝ մարդկանց տնօրինության տակ գտնվող գումարների հարկերը կնվազեցվեն և այդկերպ նրանց եկամուտները կավելանան, բայց անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի կամ ակցիզային, կբարձրանան կամ կկիրառվեն այն ապրանքների դեպքում, որոնք համար մինչև օրս չեն կիրառվել: Արդյուքնում այդ ապրանքները կթանկանան: Սա շատ անարդար մոտեցում է սոցիալական անապահով կամ քիչ ապահով խավի նկատմամբ: Փաստորեն հարուստն էլ, աղքատն էլ ստիպված են լինելու նույն չափով անուղղակի հարկ վճարել, օրինակ՝ հացի համար: Այնպես որ այս համակարգը տնտեսական և սոցիալական տենասնկյունից ամբողջությամբ սխալ է և անարդար: Բարեփոխումները պետք է համալիր լինեն»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ