Ինչու ԱԱԾ տնօրենը պաշտպանված չէ եւ ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացներին
«Ձայնագրությունը հաստատեց օդում կախված լուրերը, որ ՀՀ-ում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում եւ ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
«Մեր գործընկերների ջանքերը, թե ասուլիսին, թե այս դահլիճում վկայում են հին, բարի ՀԱԿ-բանաձեւը՝ ռեժիմը խուճապի մեջ է»,-շարունակեց Աշոտյանը:
Աշոտյանն ասաց՝ ՀՔԾ պետը փորձեց սենսացիաներ բացահայտել, կոծկելու համար այս ամենը. «Անգամ, եթե Քենեդու սպանությունը բացահայտեն, թեմայից չենք շեղվելու, այլ հարց է, թե որքանով է խախտվել նախաքննության գաղտնիքը: Իրավաբանները պետք է զբաղվեն ՀՔԾ պետի այսօրվա հայտարարությունների իրավաչափությամբ»:
Թեման շեղելու մյուս ձեւը, ըստ Աշոտյանի, կոռուպցիայի դրոշակը բռնել ու ծածանելն է, որի քավորը, նրա խոսքով, վարչապետն է. «Ինչ լինում է, պարոն վարչապետն ասում է՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ինչ կոռուպցիա, տղերք, ձայնագրության մեջ ոչ մի անգամ կոռուպցիա բառ չկա, թալան բան չկա, մարդասպան բառ չկա, դուք ինչի տեղ եք դրել էս ժողովրդին, որոնց մեծ մասը դեռ հավատում է ձեզ: Ասում ենք ՌԴ հետ լավ չեք աշխատում, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ Թրամփի հետ հանդիպում չի լինելու, կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ ԵՄ հետ չեք կարում աշխատել, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ներդրումները նվազել են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, սննդամթերքը թանկացել է՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, խաղողի մթերման խնդիր կա՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, առաքելական եկեղեցու դեմ արշավը ինչի եք խրախուսում՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում… »:
Արմեն Աշոտյանը ասաց, թե առանձին թեմա է՝ ինչպես է վհուկների դեմ որսը վերածվել կոռուպցիայի դեմ պայքարի:
Վերջում Աշոտյանը ԱԺ խմբակցություններին հորդորեց օգտվել հրատապ քննարկում կամ քննիչ հանձնաժողով ստեղծել ու քննարկել, թե ինչու ԱԱԾ տնօրենը պաշտպանված չէ եւ ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացներին: