Նրանք ասում են՝ նոր ծրագրեր անելու համար մեզ տվեք դեպի ապագան նայելու տեսլական. Միջազգայնագետը՝ Փաշինյան-Վարդանյան բանավեճի մասին
Միջզգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` ռուս գործարարաների ընդվզման տակ այլ խնդիր կա թաքնված:
Հիշեցնենք, Ռուսաստանցի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ՀՀ գործող իշխանությունների վերաբերմունքը արտասահմանյան գործարարներին ու նրանց հայաստանյան գործունեությանը անհարգալից է։ Այս մասին նա ասել է, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվայում հայազգի ռուսաստանյան գործարարների հետ հանդիպման ժամանակ։
Միջզգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, արդյո՞ք այս հայտարարությունը չի նշանակում, որ մոսկվայահայ գործարարների համար Հայաստանն այլևս հուսալի ներդրումային գոտի չէ, ասաց, որ բիզնես մտածելակերպ ունեցող մարդիկ ամեն ինչ հաշվարկում են թվերով. «Եթե դու ներդրում ես անում, ապա դրանից որոշակի շահույթ պետք է ունենաս, այլապես ներդրումն անիմաստ է: Ռուբեն Վարդանյանը Հայաստանի պատմության ամենակարևոր ներդրողներից մեկն է Հայաստանում և նրա խոսքերի մեջ տեսնում եմ ոչ թե ընդվզում, այլ՝ մտահոգ մարդու կարծիքի արտահայտում»,-նշեց միջազգայնագետը:
Վերջինիս խոսքով՝ հանդիպումը չպետք է լիներ պրոտոկոլային, որի ժամանակ բոլորը կասեին, որ ամեն ինչ շատ լավ է: Միջազգայնագետը կարևորում է, որ ամեն ինչ անցել է հենց այդ մթնոլորտում.«Նրանք ասում են՝ մենք էլի կանենք այն ծրագրերը, որ արել ենք բայց նոր ծրագրեր անելու համար մեզ տվեք դեպի ապագան նայելու տեսլական, թե ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ տնտեսական քաղաքականություն է վարում, ի՞նչ տնտեսական ցուցանիշներ ունի և ի՞նչ ցուցանիշներ է ցանկանում ունենալ«,-նշեց Սարգսյանը և հավելեց՝ Հայաստանը պետք է աշխատի այս ուղղություններով զարգանալու վրա, որպեսզի ներդրումների համար դառնա հետաքրքիր և ապահով հանգրվան: