Բազմաթիվ խնդիրների մեջ «խրված» Փաշինյանը փորձում է իր հաջողություններն ամրագրել պայքարելով նախկինի ուրվականների դեմ. Ա. Աշոտյան
«Եթե մի գեղեցիկ, խելացի աղջկա, որը դեռ ամուսնացած չէ, ասում են՝ դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի, այո՞, եթե չգիտի ում հետ, ով է այդ մարդը»,- սա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի պատասխանն է հարցին`ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ սահմանադրական փոփոխություններ լինեն:
«Սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին, այն երկրներին, որտեղ սահմանադրությունները փոխվում են վերարտադրության համար »,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը կարծում է, որ բազմաթիվ խնդիրների մեջ «խրված» Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հաջողություններն ամրագրել՝ բացառապես պայքարելով նախկինի ուրվականների դեմ. «Այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլեւս ակտուալ չէ»,-նշեց նա: