Դանակը հասել է ոսկորին
՛՛Այս քննարկման հիմնական իմաստը ոչ թե պետք է կայանա նրանում, թե որովհետև կառավարությունը սահմանում է ձեր անելիքները, այլ ի՞նչ պիտի անեք կոնֆլիկտը, շահերի բախումը լուծելու համար՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա հետաքրքրվեց, թե ինչ պիտի աներ կառավարությունը, որպեսզի այսօր չստեղծվեր մի իրավիճակ, որ Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ պետք է սահմանել 240 մլն խմ:
՛՛Դանակը հասել է ոսկորին, և հիմա ասում եք՝ 29 գյուղը չենք կարողանում ջրել ու ահետաձգելի ու չնախատեսված ֆորսմաժորային բան եք ուզում անել՛՛:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն արձագանքեց, որ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցառումները իրականացրել է:
՛՛Նախորդ տարիներին նույնիսկ ամենախոշոր ծրագրերը, որ իրականացվել են հանրապետությունում, հենց այս ոլորտում են եղել, օրինակ Հազարամյակների մարտահրավերը: Ոռոգման համամարգում զգալիորեն ներդրումներ են եղել: պետությունը մաքսիմալ ներքին ու արտաքին աղբյուներով ոլորտին ներդրումներ է հատկացրել՛՛:
Մելքումյանը նաև հարցրեց, թե ձնկաբուծական տնտեսություների հետ կապված իրականացվող ռազմավարությունը արդյոք համահունչ է կառավարության ծրագրին: ՛՛Նենց չլինի, որ ձկնաբուծական ոլորտը զարգանում է ինքն իրեն, դուք դրանից տեղյակ չեք, կառավարության գործը այդ համակարգումն է՛՛: Անդրեասյանն էլ արձագանքեց, որ այս ոլորտը միանգամից զարգացավ ու առաջացած խնդիրները հենց դրա հետ են նաև կապված:
՛՛Ոլորտը, որ որոշակի դրական արդյունքների է հասել, պետք է բալանասավորի օգտագործվող ջրային ռեսուրսը: Իսկ Սևանին դիմելը կօգնի լուծում տալ, առաջիկա հինգ տարիներին Սևանը պետք է օգնի այս համակարգին՛՛:
Նախագծով առաջարկվում է մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ, կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների Հրազդան գետ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ, ջրատվության աստիճանից: