23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տավուշի սահմանային գոտում կրակոցները պարբերական բնույթ են կրում. Դավիթ Տոնոյան

Իրավիճակը Տավուշի մարզի սահմանային գոտում գնահատում եմ կայուն, կրակոցները պարբերական բնույթ են կրում, բայց դա պայմանավորված է որոշ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներով:

Այս մասին ռազմական լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Դավիթ Տոնոյանը, ով մասնակցում էր ՊՆ–ի կողմից «Ռազմական լրագրություն 2018» դասընթացի մասնակցության հավաստագրերը հանձնելու միջոցառմանը: Դավիթ Տոնոյանն ասաց, որ մեր ԶՈՒ կողմից իրավիճակը վերահսկվում է:

«Խոտը չոր է, հատուկ կրակում են, որպեսզի տեսանելիություն ունենան. տարբեր իրավիճակներ են ստեղծվում. խոտն այրվում է, մեկ-մեկ  գնում է դեպի անտառ, քամին փչում է դեպի իրենց: Բայց անհանգստանալու խնդիր այս պահին չկա»,- շեշտեց պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե այս պահին Տավուշի մարզում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ներկայացուցիչները որքանով են ինտեգրվել բանակին՝ հաշվի առնելով, որ հաստիքացուցակները տարբեր են, Դավիթ Տոնոյանն ասաց.

«Քանի որ ոստիկանական զորքերն այլ զորքերի դասի են պատկանում, իրենք ունեն և՛ մարտական պատրաստվածություն, և՛ հատուկ պատրաստվածություն, արդեն վարժված, պատրաստված են և շատ հեշտ ինտեգրվում են մեր ստորաբաժանումների կազմին:

ԶՈՒ համազգեստ են կրում, գտնվում են միասնական հրամանատարական ուղղահայացի ներքո»:

Հարցին՝ արդյոք ոստիկանական զորքի ներկայացուցիչները, որոնք սահմանին վիրավորվում կամ զոհվում են, կարող են դառնալ 1000 դրամների հիմնադրամի շահառու, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ միանշանակ, այո:

«Ոստիկանական զորքերը մեր Զինված ուժերի բաղկացուցիչ մասն են կազմում, ինչպես նաև սահմանապահ զորքերը»,- շեշտեց նա:

Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ արդյոք կամավորական խմբերը, որոնք ցանկանում են պայմանագրային հիմունքներով համալրել ԶՈւ շարքերը, ավելացել են և արդյոք բոլոր կարգավորումներն են տարածվում նրանց վրա «Սև Հովազ» ջոկատի օրինակով, նախարարն ասաց.

«Իրենք ևս մեր ապահովման վրա են, և 1000 դրամների ապահովագրությունն է իրենց վրա տարածվում: Մենք ունենք բավականին մեծ քանակությամբ դիմումներ, որպեզի կամավորները մարտական հերթապահություն իրականացնեն: Տեսե՛ք՝ մեզ համար կամավորները, որոնք այս պահին մտնում են ԶՈւ կազմ, դառնում են մեր պայմանագրային զինծառայողները, իրենք ոչնչով չեն տարբերվում»,- եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ