18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպանի մեսիջները

”Հայաստանում բավականին ակտիվ ընթացող ԱԺ ոչ իշխանական ուժերի քաղաքական խորհրդակցությունների գործընթացն ու Ուկրաինայում սրընթաց զարգացող իրադարձությունները, կարծես թե, շեղեցին ուշադրությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ծավալուն հարցազրույցում տեղ գտած հետաքրքիր, միևնույն ժամանակ բավականին կարևոր նրբերանգներից:

Հարցազրույցը առավելապես քննարկվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` տարեվերջին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում, սակայն մանրամասն չարծարծվեց դեսպանի` այդ համատեքստում հնչեցված ու ”շղթայված” մոտեցումները:

Նախ Ջ. Հեֆերն այդ համատեքստում անդրադարձավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ունեցած մեծ ավանդին` հասկացնելով, որ ներկայիս պետքարտուղար Քերին պատրաստվում է զարգացնել ձեռք բերվածը:

Այս համատեքստում ամերիկացի դիվանագետը ”բարի խոսքեր շռայլելով” ՀՀ իշխանությունների հասցեին, նշում է.

”Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության և ստորագրման խիզախ որոշման հարցում: Մենք հարգում ենք Հայաստանին, որ արձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում և հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները”:

Հասկանալի է, որ ԱՄՆ դեսպանի խոսքում պատահական բառեր տեղ չեն գտնում, սրանով դիվանագետն ավելի շատ փորձում է ցույց տալ, որ Հայաստանը հայ-թուրքական պրոցեսում իրեն ճիշտ է դրսևորել, իսկ ”գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում”:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ դեսպանն իր մեկնաբանություններում երկու անգամ տարբեր ձևերով շեշտում է, որ հայ-թուրքական գործընթացն ու ԼՂ հիմնախնդիրը ”միևնույն կաթսայում” չեն, իսկ ստորագրված արձանագրությունները որևէ նախապայման չեն պարունակում:

Նախ վերջինս շեշտում է, թե ”հայ-թուրքական արձանագրություններում որևէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որևէ երրորդ երկրի հետ կապված”, ապա հավելում, թե ”մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում` Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման և դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով”:
Նկատելի է, որ Ջ. Հեֆերնը մեկ անգամ ևս շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները միմյանց շաղկապված չեն ու դրանք գտնվում են տարբեր հարթություններում:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն առնվազն Հայաստանի իշխանությունների (հավանական է նաև Թուրքիայի) հետ պայմանավորվածություն ունի նախորդ` չստացված փորձից որոշակի ժամանակ անց վերաբեռնավորել գործընթացը` նպատակ ունենալով հասնելու հայ-թուրքական թնջուկի լուծմանը:

Ինչպես երևում է, ԱՄՆ պետքարտուղարի տարվերջյան այցն այն հիմնական ազդակն է լինելու, որով կտրուկ վերակատիվացվելու է հայ-թուրքական գործընթացը, ընդ որում, դա մի փուլ է, երբ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, նախատեսված է կտրուկ ակտիվացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսը:

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ սա մի կողմից Թուրքիայի վրա ուժեղ ճնշումներ բանեցնելու ու խնդիրը կարգավորելու միջոց է, մյուս կողմից, այն իր բացասական ազդեցությունը կարող է թողնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:

Դեսպան Հեֆերնի հարցազրույցը՝ ԱՄՆ պետքարտուղարի այցին ընդառաջ, առաջին ազդակն էր գործընթացի աշխուժացման վերաբերյալ, սակայն սպասվում է, որ որքան այդ այցի օրերը մոտենան, իրադարձությունները առավել լայն թափ կհավաքեն”,-վերլուծել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ