Ռ. Քոչարյանը չի հրամայել իրավապահներին մարտի 1-ին գործողություն իրականացնել Ազատության հրապարակում
Քննչական մարմինը հեռախոսով է տեղեկացրել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, որոշումը փաստաբանական խումբը դեռ չի ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռ.Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
«Կարծում ենք, որ օրինական չի: Որոշումը կտեսնենք, դրանից հետո ավելի մանրամասն գնահատական կտանք: Եթե այն է, ինչ կարծում ենք, կբողոքարկվի»,- ասաց Ա.Օրբելյանը:
Ըստ նրա՝ այսօր ինքը քննարկել է պաշտպանյալի հետ, նպատակ չունեն խոչընդոտելու և, եթե անհրաժեշտ լինի, ստորագրություն կտրվի:
Նա տեղեկացրեց, որ անձնագրերի հետ կապված դիմել էին սահմանապահ զորքեր՝ տեսնելու՝ արդյոք խոչընդոտ կա՞ նրա հեռանալու համար, բայց մինչև երեկ պատասխան չէին ստացել, իսկ հաշվի առնելով, որ նախկինում անգամ վկաների նկատմամբ են սահմանափակում կիրառել, հավանաբար, կլիներ:
Նրա խոսքով՝ դատարանի որոշումից հետո, որն անմիջապես ուժի մեջ է մտնում, քրեական հետապնդում չպետք է իրականացվեր, քանի դեռ չի բեկանվել վերադասի կողմից:
Ա.Օրբելյանը նշեց, որ ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում կա դրույթ, որ մեղադրյալի անձնագիրը պահվում է համապտասխան մարմնում, բայց 2017թ. այն ՄԻՊ-ի շնորհիվ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և չի կարող կիրառվել, ինչը քննչական մարմնին հայտնի է:
Փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ անձնագիր պահելն անօրինական է, իրենք կքննարկեն որոշ գործողություններ կատարելու հարցը:
Անդրադառնալով նոր հարուցված քրեական գործին՝ Ա.Օրբելյանը նշեց, որ պաշտպանյալի հետ այն չեն քննարկել: Ըստ նրա՝ հաղորդագրությունից պարզ չէր, թե փաստաթղթերը երբ են կեղծվել, օրինակ՝ եթե կեղծվել են փետրվարին, պետք է վաղեմության հիմքով գործ չհարուցվեր.
«Այդ հիմքով մենք չունենք որևէ կարգավիճակ, չեմ ուզում մեկնաբանել: Մեր հասկանալով՝ այդ էպիզոդն առնչություն չունի մեր պաշտպանյալի հետ»:
Ա.Օրբելյանը հայտարարեց, որ Ռ. Քոչարյանը չի հրաման տվել իրավապահներին 2018 թ. մարտի 1-ի լուսադեմին գործողություն իրականացնել Ազատության հրապարակում: