Պարոն Փաշինյան սա КВН-ն չէ, լրջացե՛ք. Էդուարդ Շարմազանով
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ:
Այսօր լրագրողները վարչապետ Փաշինյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք այս հայտարարության տակ որևէ վտանգ չկա թաքնված, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի մեկնաբանությանը ասաց. «Ժամանակն է, որ Փաշինյանը հասկանա, որ Հայ-ռուսական հարաբերությունները КВН-ն չեն, դրանք դաշնակցային հարաբերություններ են: Եվ իր սրամիտ պատասխանները գուցե «ՔՊ»-ի իր թիմում, կամ ԱԺ-ում պատգամավոր եղած ժամանակ էին հետաքրքիր, բայց սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Փաշինյանը իրավիճակը ճիշտ չգնահատելով, մեկ ադապտացման կոչ է անում իր դաշնակից երկրի գործընկներին, մեկ էլ ասում է՝ իսկապես շոգ է»:
Շարամզանովը գտնում է, որ երկրի վարչապետը չի կարող նման ձևակերպումներ անել, քանի որ նման հայտարարությունները վաղը կարող են վտանգել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որի վատթարացման գինը վճարելու է ոչ թե Փաշինյանը այլ՝ ժողովուրդը:
«Ես անթույլատրելի եմ համարում լուրջ քաղաքականությունը КВН-ի վերածելը: Հասկացանք, որ լեգիտիմություն ունեք պարոն Փաշինյան, բայց եկել է լրջանալու պահը. Դուք վարչապետ եք, ոչ թե ընդդիմադիր պատգամավոր: Հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի բարձր են, քան երկու պետությունների զուտ իշխանությունների հարաբերությունները»,-նշեց նա հավելելով, որ նմանատիպ հայտարարությունները ստվեր են գցում Հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Անդրադառնալով Պուտին-Փաշինյան սպասվելիք հանդիպմանը ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կա լուրջ խնդիր.«Եվ սա ասում եմ ոչ թե ես, այլ բազմաթիվ փորձագետներ, որոնց դժվար է մեղադրել Հանրապետականին սիրելու մեջ»,-եզրափակեց նա: