Ամեն ինչ պետք է ընթանա բացառապես օրենքի սահմաններում՝ առանց քաղաքականացման եւ շահարկումների. Ստեփանակերտը՝ Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի մասին
«Այստեղ կա զուտ մարդկային եւ իրավական հարթություն»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով գեներալ, Արցախի հերոս, ԱՀ նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքին , ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Նախ եւ առաջ, ամեն ինչ պետք է ընթանա բացառապես օրենքի սահմաններում՝ առանց որեւէ քաղաքականացման, առանց շահարկումների եւ սուբյեկտիվ խնդիրների: Սա է ամենակարեւորը, բայց զուտ մարդկային առումով, իհարկե, մենք, ժողովուրդը, որը ճանաչում է Արթուր Աղաբեկյանին, ուզում ենք, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են, փարատվեն եւ բոլորը տեսնեն, որ դրանք հիմք չունեն, որովհետեւ որոշ մարդիկ անուղղակիորեն սա կարող է նաեւ շահարկեն եւ կապեն Արցախի հետ, քանի որ նա արցախցի է: Բնական է, որ մենք շահագրգռված ենք, որ այդ ամենը փարատվի»,-նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ մյուս կողմից օրենքն այնպիսին պետք է լինի, որ օբյեկտիվ քննություն անցկացվի եւ բոլորն օրենքի առջեւ հավասար լինեն:
«Եթե այս բոլոր խնդիրները պահպանվեն, կարծում եմ , որ որեւէ խնդիր չի լինի»,-եզրափակեց նա:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում: Մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։