Ինչ է սպասվում Պոլիտեխնիկին
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դրվել է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վրա: Հիշեցնենք, որ ՀՃՊՀ-ի ռեկոտ Արա Ավետիսյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Հովհաննես Թոքմաջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ բնականաբար ավելի հանգիստ կլիներ մնալ ու աշխատել իր ղեկավարած համալսարանում, քանի որ այն նորոգված, համապատասխանեցված էր բոլոր չափորոշիչներին.
“Սակայն երեւի շինարարական կրթության զարգացման, Բոլոնյան գործընթացին զուգահեռ երկու համալսարաններում նույն մոտեցումները պիտի լինեն: Մտածում եմ, որ այս երկու բուհերի համատեղ գործունեության սկիզբը պիտի դրվի”:
Մեր դիտարկմանը` փաստորեն, վերամիավորվելու են բուհերը` Թոքմաջյանն ասաց, որ դրա մասին խոսելը վաղ է: “Համատեղ կօգտագործենք բոլոր լաբորատորիաները, համատեղ ուսպլանները կմշակենք, մի խոսքով` պետք է զարգացնել այս ոլորտը”,-ասաց:
Թոքմաջյանին չի վախեցրել ճարտարագիտական համալսարանում առկա դժգոհություններն ու բողոքները` կապված կրճատումների, դասաժամերի բաշխման հետ: “Գիտեք, բոլոր կոլեկտիվներում նման միջադեպեր լինում են, ինչու պիտի վախենամ:Հակառակը, պետք է այնպես անենք, որ այդ խնդիրները մեր հնարավորության սահմաններում լուծենք”,-նշեց Թոքմաջյանը:
Նա չցանկացավ անդրադառնալ այն տեղեկություններին, որ իբր Ճարտարագիտական համալսարանում ֆինանսական խոշոր խախտումներ կան:
“Այդ հարցին ոչ լիազորված եմ պատասխանելու, ոչ էլ կարող եմ ասել: Մի բան գիտեմ, որ այսուհետ, ամեն ինչ պիտի անենք ի շահ ուսանողության ու գիտատեխնիկական կրթության զարգացման”,-եզրափակեց Հովհաննես Թոքմաջյանը: