«Լայվից» բացի՝ մարդիկ իրական փոփոխություններ պետք է տեսնեն. Հ. Բալանյան
Հայաստանը քաղաքական նոր ձևավորումների փուլում է, արագ ու դինամիկ պրոցես է լինելու, և դեռևս շատ ուժեր կմիավորվեն ու կբաժանվեն: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Հայկ Բալանյանը՝ կանխատեսելով, որ դա կտևի տարիներ:
«Քաղաքական իրավիճակը Հայաստանում մնալու է փոփոխական ու դինամիկ, այլ հարց է, որ իշխանությունն ինքն իրեն պետք է հաշիվ տա, որ այն մեծ բազան, որ ուներ, թուլանալու է ու տրոհվելու է այլ ուժերի միջև, և «լայվից» բացի՝ մարդիկ իրական փոփոխություններ պետք է տեսնեն»,- ասաց Հ.Բալանյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, և ոչ ոք բացեիբաց նրան դեմ հանդես չի գա, ժողովուրդը դա կընկալի՝ որպես հակահեղափոխություն, և հիմնական թիրախ մնում է ՀՀԿ-ն, որին քննադատելու ռազմավարությունից հիմնական ուժերը չեն շեղվի. «Ծանր դիրքային պայքար է լինելու ՀՀԿ-ի հետ, բայց այնուամենայնիվ Փաշինյանին կհաջողվի անցկացնել այն փոփոխությունները, որ ծրագրում է»:
Անդրադառնալով քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանին՝ քաղաքագետը նշեց, որ Քոչարյանն ունի փող և ուրիշ ոչինչ և իշխանությունների համար լուրջ վտանգ չի ներկայացնում.
«Քրեական գործը շարունակվում է, բնակչությունն այնքան բացասական է վերաբերվում այդ անձին, և իր հենարանը՝ ՀՀԿ-ն, այնքան ցածր վարկանիշ ունի բնակչության մեջ, որ հանրային աջակցության կամ հանրային հենարանի մասին խոսք լինել չի կարող: Որպես հակահեղափոխության սիմվոլ՝ իր վտանգն ուռճացված է, որքան շարունակի, այնքան Նիկոլ Փաշինյանի շուրջ մարդիկ կհավաքվեն, և այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանն օգնում է Նիկոլ Փաշինյանին, որքան նա սպառնա, այնքան մարդիկ կհամախմբվեն Փաշինյանի շուրջ»:
Հ.Բալանյանը նշեց, որ հակահեղափոխություն կարող է լինել, եթե բարեփոխումները մնան անավարտ, սոցիալ-տնտեսական վիճակը չփոխվի, 100 ընտանիքները շարունակեն պահել երկրի հարստության մեծ մասը, վերահսկեն ամեն ինչ և որոշ ժամանակ անց նոր դեմքերով փորձեն վերադառնալ իշխանության:
Հ.Բալանյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն 1-2% կարող է հավաքել, բայց հաշվի առնելով, որ մնացած բոլոր ուժերն ինքնահաստատվելու են նրանց վրա, ճիշտ կլինի՝ այդքան խելամիտ գտնվեն և չմասնակցեն ընտրություններին:
Հարցին, թե Ռ.Քոչարյանի գործոնը հաշվի առնելով՝ ճիշտ չի՞ լինի ԱԺ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել, Հ.Բալանյանը պատասխանեց, որ անգամ առանց Քոչարյանի, ինչքան ուշ լինեն, այնքան վատ է ազդելու տրամադրությունների վրա, որովհետև մարդիկ սպասում են փոփոխությունների, իսկ խնդիրները շատ են, որ մեկ օրում լուծվեն.
«Հասկանալի է, որ հեղափոխական ոգևորությունն անցնելու է, և ընտրությունների անցկացման ժամկետը շատ երկար ձգել իմաստ չունի: Իսկ Քոչարյանի գործոնը կօգնի իշխանությանը, և տեսնելով Քոչարյանին, մարդիկ տեսնում են հակահեղափոխության վտանգը: Քոչարյանի ի հայտ գալն այս իմաստով մեծ խնդիրներ չի առաջացնի»: