Այսօրվա Հայաստանում այլևս ոչնչից պետք չէ զարմանալ. Էդուարդ Շարմազանով
«Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի անունը այս գործի հետ կապված լինելու փաստը ասաց.
«Ակնհայտ է, որ կա հստակ և ուղիղ քաղաքական պատվեր՝ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
Չեմ զարմանա, եթե այսօրվա Հայաստանում Քեննեդու սպանությունը, Կապլանի կողմից, Լենինի դեմ մահափորձը ու նմանատիպ աղմկահարույց դեպքեր ևս կապեն Սերժ Սարգսյանի անվան հետ։
Իսկ կոնկրետ գործի վերաբերյալ համոզված եմ՝ փաստաբանները կտան սպառիչ և համոզիչ պատասխաններ։
Այսօրվա Հայաստանում այլևս ոչնչից պետք չէ զարմանալ»-,ավելացրեց նա։