24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր սխալները ապրիլի 17-ից հետո են եղել. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված տեսակետը: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հիշեց, որ ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների և՛ նախօրեին, և՛ ամբողջ ընթացքում եղել են քաղաքական գործիչներ, կուսակցություններ, այդ թվում նաև պաշտոնաթող նախագահներ, որոնք դեմ են արտահայտվել այդ փոփոխություններին: Ըստ Շարմազանովի՝ այդ ընթացքում առողջ բանավեճ է եղել:

«Ես միայն կարող եմ վերահաստատել մեր կուսակցության կարծիքը և հայտարարում եմ, որ Սահմանադրական բարեփոխումները և խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտություն կար, գտնում ենք, որ դա շատ դրական քայլ էր ՀՀ-ի ժողովրդավարության, ինչու չէ՝ նաև ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց նա:
Շարմազանովը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, թե իշխանափոխություն չէր լինի, եթե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չընտրվեր վարչապետ, իսկ Սահմանադրությունն էլ այդ նպատակին հասնելու համար չփոխվեր, շեշտեց, որ Սահմանադրությունը փոխվել է ոչ թե Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով պաշտոնավարման համար, այլ փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով:

«Ապրիլի 18-ի դրությամբ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը բխում էր ՀՀ պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրականությամբ՝ ՀՀԿ–ն ընտրությունների արդյունքում ուներ քաղաքական մեծամասնություն, մենք պետք է որոշեինք, թե ում ենք վստահում վարչապետի պաշտոնը: Մեր թիմում ավելի պատրաստված, իմաստուն, մարտահրավերին դիմակայող, ազգային անվտանգությունը գիտակցող ու Արցախի շահը պաշտպանող փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն էր, չունեինք: Հարգելով ՀՀ 2-րդ նախագահին՝ միևնույնն է, այս կարծիքի հետ համաձայն չենք, սակայն սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն   հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը վերահաստատեց նախկինում ասված մտքերը և ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀԿ-ն բաց է քաղաքական համագործակցության համար, սակայն ՀՀԿ-ն կոնսոլիդացվում է իր քաղաքական օրակարգի շուրջ: ՀՀԿ խոսնակը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե հեղափոխության հիմքում Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետն էր: «Մենք սխալ չենք եղել, մեր սխալները ապրիլի 17-ից հետո են եղել»:,-վստահ է նա:

«Հիմա մենք պետք է խոսենք ոչ թե պատճառներից, այլ թե ինչ է կատարվում այսօր, ու նայենք ապագային: Փաստն այն է, որ այսօրվա կառավարությունը չի իրականացնում քայլեր, որոնք բխում են ՀՀ-ի և Արցախի անվտանգությունից: Կառավարությունը գնալով վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը: Ես ոչ մի թռիչքային զարգացում չեմ տեսնում, տեսնում եմ միայն ռեպրեսիա խոսքի ազատության, ռեպրեսիա արդարադատության, ռեպրեսիա բազմակարծության ու պետական շահի նկատմամբ»,- շարունակեց նա:

Հարցին՝ հեղափոխությունը պատճառներ չունե՞ր, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հեղափոխություն չի եղել, եղել է իշխանափոխություն. մեզ համար թիվ մեկ պատճառն այն է, որ մենք ընդունեցինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնությունն իր համախոհներով ակտիվ փոքրամասնության կեցվածք ընդունեց և շանտաժով ՀՀ-ում իշխանություն փոխեց: Իմ խորին համոզմամբ՝ Փաշինյանը դարձել է վարչապետ շանտաժի ու սպառնալիքի ալիքով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ