24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարուքյանը վիրավորվա՞ծ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլեւս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության:

Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս դաշինքը պետք լինի… դաշինքից դուրս, այսինքն՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձին միավոր, առավելապես հետընտրական փուլերի համար (կոալիցիա եւ այլն): Շատ հավանական է, որ հենց այս առումով էլ տարօրինակ ընթացք ստացավ վերոնշյալ երկու կուսակցությունների՝ առանձին դաշինք ձեւավորելու գործընթացը:

Նախ, հստակ էր, որ այս դաշինքը պետք է կոչվի երկու կուսակցությունների անունով՝ «Լուսավոր Հանրապետություն», ինչի մասին մենք գրեցինք դեռ մեկ ամիս առաջ: Ավելին, ԼՀ–ի ներկայացուցիչներից մեկը (ամենաիրազեկներից մեկը) օրերս #լուսավորհանրապետություն հեշթեգ հրապարակեց, սակայն դրան հաջորդեցին հատկապես դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արտակ Զեյնալ յանի հարցազրույցները, ուր նա հստակ խոսում է «Ելք» դաշինքի մասին:

Սրան էլ հաջորդեց նույն հեշթեգները հրապարակած անձի գրառումը, թե «տարածվել են լուրեր, որ մեր նոր դաշինքի անունը #Լուսավոր #Հանրապետություն է։ Տարածվել են սխալ լուրեր»: Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ այլ բան է օգտագործել հասարակության մեջ որոշակի ճանաչում ունեցող անունը, այլ բան՝ նոր անուն:

Սակայն շատ ավելի էական է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը: Ողջ այս 1–2 շաբաթում նա որեւէ ձայն չի հանել, որեւէ գրառում իր էջում չի արել, ավելին՝ չի երեւում նաեւ այն լուսանկարում, որը արվել է դաշինքի անվան շուրջ քննարկումների ժամանակ:

Չի բացառվում, որ Մարուքյանը որոշակի վիրավորվածություն ունենա թե՛ Փաշինյանից, թե՛ «Ելքի» հետ կապված վերջինիս հեռահար պլաններից, ինչի մասին խոսեցինք: Առավել եւս, եթե պարզվի, որ Զեյնալյանի թեկնածությունն իրականում առաջադրվել է ուղղակի այլ ուժերից ձայներ փախցնելու համար:

Ի վերջո, միշտ էլ անհրաժեշտ է ունենալ պահեստային տարբերակ, եթե հանկարծ որեւէ ուժ մեծամասնություն չի ունենում: Օրինակ, ՀՀԿ–ի համար այդ տարբերակը միշտ եղել են կա՛մ ՕԵԿ–ը, կա՛մ ՀՅԴ–ն: Նման դերակատարությունն ու ընտրություններին ֆիկտիվ մասնակցությունը հազիվ թե Մարուքյանի սրտով լիներ:

Ուստի, չի բացառվում, որ նրա անսովոր պասիվությունը կապված լինի հենց նման վիճակի հետ: Ցավոք, թե՛ վերջինս, թե՛ Արամ Սարգսյանը այս փուլում խուսափում են լրագրողների հետ շփվել: Արդյունքում մնում է սպասել նախընտրական փուլին, ուր նրանց մասնակցության ու ոգեւորության աստիճանը շատ հարցերի պատասխան կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ