24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միայն ձերբակալությունները բավարար չեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար. փորձագետներ

Վերլուծաբանները գնահատում են ՀՀ կառավարության 100 օրը: 

Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաեւ որոշ բացթողումներ:

Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով, այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարեւոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ:

«Կառավարության 100 օրից հետո Երեւանի փողոցներում պահպանվում է ոգեւորությունը, սակայն կարծում եմ, որ նոր իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն երկրում ինստիտուտների կայացմամբ»,- նշում է Կարնեգիի հիմնադրամի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Փոլ Սթրոնսկին կարեւորում է Հայաստանում քաղաքական այնպիսի ինստիտուտների կայացումը, որոնք կապահովեն իշխանության փոխանցում:

«Հայաստանում դեռեւս կայացած չեն քաղաքական ինստիտուտները, իսկ դատական համակարգն էլ ավելի թույլ է, ուստի փողոցային ժողովրդավարության հետ մեկտեղ անհրաժեշտ է աշխատանք տանել երկարաժամկետ ժողովրդավարական համակարգը կայացնելու ուղղությամբ, որի արդյունքում փոփոխությունները տեղի կունենան ոչ թե փողոցի, այլ ընտրաթերթիկի միջոցով»։

Փորձագետ Էմիլ Սանամյանն էլ կառավարության 100 օրվա ձեռքբերումներից է համարում իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացների խաղաղ բնույթն ու տնտեսական կայունության պահպանումը: Նա նաեւ կարեւորում է անվտանգության ընդհանուր առմամբ վերահսկելի իրավիճակը: Նա առաջնահերթություն է տալիս Հայաստանում ներդրումների խրախուսմանը՝ ընդգծելով այստեղ կառավարության ակտիվ քայլերի կարեւորությունը:

«Կարծում եմ պետք է առաջնությունը տալ նրան, որ Փաշինյանի կառավարության կուտակած քաղաքական կապիտալը վերածվի լուրջ ներդրումների եւ որոշումների՝ ի նպաստ Հայաստանի»,- ասում է Սանամյանը:

Քաղաքագետն արձանագրում է, որ Փաշինյանի առաջնորդած ուժն այս պահին ունի հանրային շատ մեծ աջակցություն, իսկ նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը մեկուսացած է:

«Այսօր Հայաստանում չկա որեւէ քաղաքական կուսակցություն կամ ուժ, որը կարող է ձեռնոց նետել Փաշինյանին ու նրա թիմին՝ հաշվի առնելով նրանց հանրային աջակցությունը:

Իսկ Փոլ Սթրոնսկին արձանագրում է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր վերակազմավորման փուլում է:

«Մենք ականատես ենք Հայաստանի քաղաքական դաշտի վերաձեւավորմանը: Դրա ապացույցն են ինչպես նախկին իշխող կուսակցության շուրջ ընթացող գործընթացներն, այնպես էլ Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում նախկին ընդդիմության շարքերի պառակտումը»,- ասում է Սթոնսկին:

Ներքաղաքական զարգացումների հետ մեկտեղ փորձագետները կարեւորվում են նաեւ արտաքին մարտահրավերները, մասնավորապես Մոսկվայի հետ Երեւանի հարաբերությունների ընթացքը: Սթրոնսկին ընդգծում է Երեւանի համար Մոսկվայի հետ հարաբերությունների կարեւորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային զարգացումները: Նրա կարծիքով այս հարաբերությունները ամենակարեւոր քննությունն են նոր իշխանությունների համար:

Իսկ վերջին շրջանի աղմկոտ ձերբակալությունների ու կոռուպցիայի դեմ պայքարի առումով փորձագետները համակարծիք են, որ կոռումպացված գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն միայն ձերբակալությունները բավարար չեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, ուստի անհրաժեշտ են երկարաժամկետ զարգացում ապահովող քայլեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ