՛՛Ո՞վ ասաց, որ վարչապետի հրաժարականն ուզողը նախագահի հրաժարականը չի ուզում՛՛
Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադառնում է ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնությանը կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ, իշխանափոխության հավանականությանը:
-Պարոն Բագրատյան, այս օրերին հանդիպում են ոչ իշխանական ուժերը, հանդիպել են նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից:
-Ես իմ ակնկալիքները չունեմ, նրանցից հարցրեք:
-Դուք, որպես քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում՝ չորս ուժերի միավորումը ինչի կարող է հանգեցնել:
-Եթե ինչ-որ տեղ ինչ-որ ուժեր միավորվում են, ես ողջունում եմ: Ես ուրախ եմ:
– Սա կարո՞ղ է հանգեցնել իշխանափոխության, թե ոչ:
-Չգիտեմ:
-Իսկ ի՞նչն է մեր ընդդիմադիրներին պակասում իշխանափոխության համար:
-Իշխանափոխության համար պետք է ժողովրդի ցանկություն, այն անհեթեթ սխեման կուտակայինի, որն այսօր մենք ունենք, բավական է տոտալ իշխանափոխության համար: Նա շատ ավելի անհեթեթ է, քան Յանուկովիչի արած բոլոր հիմարությունները միասին վերցրած:
-Այսինքն՝ ժողովուրդը ցանկություն չունի՞:
– Ունի։ Բայց իշխանափոխության համար ոչ միայն հավաքվել է պետք, այլ նաև վճռական գործողություններ են պետք:
-Իսկ լիդեր տեսնո՞ւմ եք, ում շուրջ կարող են հավաքվել, եթե այո, ո՞ւմ:
-Այո։ Ոչ իշխանական այդ ուժերի մեջ կարող եմ տասը հոգու անուն տալ, բայց ինձ թույլ չեմ տալիս ուրիշների անուն տալ, քանի որ նրանք այստեղ չեն: Եթե շատ եք ուզում կարող ենք սկսել ինձանից կամ վերջացնել ինձանով:
-Կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ ընթացող քննարկումներին Դուք մասնակցո՞ւմ եք:
– Ես մասնակցելու կարիք չունեմ, ես կողմ եմ և կառավարության անվստահությանը, և այս իշխանությունների անսվտահությանը։
-Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ պահանջում են ոչ թե հենց նախագահի հրաժարականը, այլ վարչապետի, կառավարության:
-Նորմալ եմ նայում։ Կոնկրետ վարչապետը վատ է, նրա հրաժական ես ուզում, ասա, եթե նախագահի հրաժարական ես ուզում, ասա: Իսկ ո՞վ ասաց, որ վարչապետի հրաժարականն ուզողը նախագահի հրաժարականը չի ուզում։
Ես կարծում եմ իշխանության ամբողջ համակարգը պետք է փոխվի: Իշխանությունները չեն կարողանում լուծել հանրապետության առջև ծագած խնդիրները, հանրապետությունը վեցերորդ տարին անընդմեջ չի զարգանում: Այսպիսի բան չէր եղել վերջին 20 տարվա պատմության մեջ: Մեզ ադեքվատ մեկն է պետք:
-Պարոն Բագրատյան, նաև ՀԱԿ-ի հանրահավաքում համեմատություն արվեց պարոն Ծառուկյանի ու Բիձինա Իվանիշվիլու միջև, Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերում, գտնո՞ւմ եք, որ կան նմանություններ:
-Ոչ մի ձև չեմ վերաբերվում, Տեր-Պետրոսյանի իրավունքն է, ինքն էլ համեմատում է: