Սա ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ նաև լուծումներ. Նիկոլ Փաշինյան
Սահմանադրական փոփոխություններն ինքնանպատակ չեն ու, հնարավոր է, լինեն այլ լուծումներ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օգոստոսի 17-ի հանրահավաքում արված հայտարարությանը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ-ում Սահմանադրական փոփոխություններ կլինեն:
«Սա ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ նաև լուծումներ», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ Սահմանադրությունը կփոփոխվի՞ հանրաքվեով ու կա՞ դրա անցկացման որոշակի ժամանակացույց, վարչապետը կրկնեց՝ սահմանադրական փոփոխությունների անցկացումը դեռ տարբերակներից մեկն է:
«Հանրաքվեի մասին ես հանրահավաքում էլ ասացի, պետք է ուժեղացնենք այդ ինստիտուտը: Ժողովուրդը պետք է ոչ թե անընդհատ հեղափոխություն անի, այլ կարևոր հարցերի մասին կարողանա հայտնել իր տեսակետը: Այն, ինչ ասվեց հրապարակում, պետք է ընդունել ի գիտություն, բայց դա միակ տարբերակը չէ: Մենք կունենանք քննարկումներ: Թեման հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակն անշրջելի է և Հայաստանում ժողովուրդը թույլ չի տա, ամենաթողության, կոռուպցիայի վերադարձ», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ ինքը ցանկանու՞մ է պահպանել իր իշխանությունը նաև ընտրությունների ընթացքում, Փաշինյանն արձագանքեց.
«Ես իշխանության չեմ, իշխանության է ժողովուրդը և ես չեմ ուզում, որ ժոովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանությունը: Սահամանադրական փոփոխությունը սցենարներից մեկն է, կարևոր է արձանագրել նպատակը՝ ժողովրդի առաջ չդնել ինչ-որ բաներ ապացուցելու գայթակղություն: Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա, մենք պարզապես ասում ենք՝ պետք չէ ժողովրդին դնել մի իրավիճակի մեջ, որ մենք ստիպված լինենք նորից հեղափոխութուն անել կամ հեղափոխության հաջորդ փուլն անել», – ասաց ՀՀ վարչապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ մտադրություն կա անցկացնել Սահմանադրական փոփոխություններ, ըստ որոնց, գործող վարչապետը կկարողանա շարունակել պաշտոնավարել նաև արտահերթ ընտրությունների ընթացքում, այն դեպքում, երբ ներկայիս գործող Սահմանադրությամբ, վարչապետը պետք է վայր դնի իր լիազորությունները, որից հետո ԱԺ-ն երկու անգամ չընտրի նոր վարչապետ, լուծարվի ու անցկացվեն արտահերթ ընտրություններ: