ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:
“Ձեր այցը միշտ նոր ազդակ է հաղորդում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերին եւ լավ հնարավորություն է դրանց մշակման ու իրագործման ընթացքը քննարկելու համար”, – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Մաքսիմ Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր Երեւանում մասնակցել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության հայ-ռուսական գործարանի բացմանը, եւ դա վկայում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ու ներդրումային համագործակցության զարգացման մասին:
“Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը: Եվս 50 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում: Ուրախ եմ, որ մեր երկխոսությունն այսքան դինամիկ է զարգանում, առավել եւս Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալուց առաջ: Դա կարեւոր է եւ´ Հայաստանի, եւ´ Ռուսաստանի, եւ´ միության բոլոր անդամ երկրների համար”, – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը:
Տիգրան Սարգսյանը եւ Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ՀՀ վարչապետի՝ ՌԴ վարչապետի հետ փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Մասնավորապես, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության “ճանապարհային քարտեզով” նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը:
Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է 97 միջոցառում, եւ աշխատանքային խմբերի մակարդակով փոխհամաձայնություն է ձեռք բերվել կոնցեպտուալ բոլոր հարցերում: Կողմերն անդրադարձել են նաեւ էներգետիկ, միգրացիոն, ներդրումային եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկել եւ համաձայնեցրել դրանց իրականացման հետագա քայլերը: