Խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է 2 շաբաթ առաջ:
Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի վրա»,-նշեց Սողոմոնյանը:
Հարցին, թե ի՞նչ է հայտնաբերվել, կամ հայտնաբերվե՞լ է որևէ բան, որը կարող է լրացուցիչ քրեական գործի համար հիմք դառնալ, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Ես իրավունք չունեմ, այլապես կհայտնեի, թե ինչ են գտել, և այդ գտածն ինչ արժեք ունի»:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ դիրքորոշում ունի իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին քաղաքական ուժերի ու գործիչների հայտարարությունների վերաբերյալ, կամ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարկում արված ելույթի մասին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ այդ հարցերը Քոչարյանի հետ չի քննարկել:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալու այնտեղ, որտեղ ինքն ուզում է և արժանի է, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ թող գնա Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու»:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո՝ օգոստոսի 16-ին հարցազրույց էր տվել, որում խոսել էր խուզարկությունների մասին.
«Մեծ, խորը հիասթափություն են ապրում ամեն մի օբյեկտ ստուգելուց հետո, ես կարծում եմ, որ եթե հնարավորություն ունենային՝ առաջինը դա մեյդան կբերեին, ոչ թե «Մարտի 1»-ը: Ի դեպ «Մարտի 1»-ի գործը 10 զոհերի հետ ոչ մի կապ չունի, իբրև Սահմանադրական կարգն եմ տապալել, թե այդ ոնց եմ տապալել, ես էլ չգիտեմ»,-շեշտել է նա: