Քոչարյանի գործում, խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ. Վ. Էնֆիաջյան
«Խնդիրը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ, եւ այդ հարթությունում գտնվող խնդիրները պետք չէ բերել քաղաքական դաշտ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակմանը, ասաց «Ծառուկյան» խմբակցության» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ինչ վերաբերում է քաղաքացիական խմբերի պատճառով Ռոբերտ Քոչարյանի երեկվա տապալված մամուլի ասուլիսին, Վահե Էնֆիաջյանը նշեց. «Գտնում ենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլ հնարավորություններ էլ կունենա իր կարծիքը եւ դիրքորոշումը հայտնելու: Իսկ խոսքի ազատության տեսանկյունից՝ տարբեր կառույցներ եւ քաղաքական թիմեր կարող են իրենց բողոքի գործողություններն իրականացնել եւ դիրքորոշում հայտնել»:
Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունում քննարկումների արդյունքում միայն կարող են Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ընդհանրական հայտարարություն անել. «Իսկ այս պահին գտնում ենք, որ իրավական լուծումներ են պետք»: