Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թ. ծրագիրը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում առկա են ներկայացուցիչներ նաև ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից և «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, սակայն ակնհայտ է, որ այս կառավարությունը և առհասարակ այս թիմը շարժվում է կոնկրետ ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանում և որը կրնում է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը:
Հենց այդ ծրագիրն ուսումնասիրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ իր վերջին քայլերով Նիկոլ Փաշինյանը կարծես թե առաջ է տանում հենց կուսակցության ծրագիրը, որի մեջ առկա էր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում, ընտրությունների կեղծիքներին վերաբերող դրույթներ և այլև: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության ծրագրով ի սկզբանե էլ ընդունելի է եղել թավշյա հեղափոխության միջոցով հարցերը լուծելու տարբերակը:
Մասնավորապես՝ ծրագրի 4.թ. կետում նշված է.
4.թ) ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է, համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը:
Ժողովրդավարության գործնական կիրառումը, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից՝ խաղաղ, ընտրական ճանապարհով և այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Կուսակցության անդամները համարում են, որ թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ: Հենց այս կետն էլ կատարվեց ապրիլին: Դեռ 2017 թվականին եղան խորհրդարանական ընտրություններ, իշխանությունը չփոխվեց, և ՔՊ-ն միայնակ՝ առանց դաշինքի գործընկերների, ընտրեց թավշյա հեղափոխության տարբերակը և իրականացրեց դա: Չնայած հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ դեռ քայլեր չենք տեսնում, սակայն թե´ դա, թե´ մարտի 1-ի դեպքերի բացահայտումը ևս ամրագրված են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: