Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները, փոխարինել մեր ապօրինություններով. Փաշինյանը ուղիղ եթերում էր
Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և չկա ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, կանգնեցնել ժողովրդի հեղափոխության ճանապարհը, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին՝ կհայտնվի պատմության աղբանոցում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ն օրինականության հաստատումն այլընտրանք չունի: «Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, այս ճանապարհն այլընտրանք չուն,ի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար ՀՀ օրենքների սահմանված կարգով»,-ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ այս ողջ պրոցեսի ընթացքում կառավարությունը, իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում պետականության, ժողովրդի առաջ, և իրենք այս քաղաքական գործընթացը կազմակերպելու են ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և չեն անցնելու այդ սահմանները ոչ մի պարագայում:
Նիկոլ Փաշինյանը ևս շեշտեց, որ ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթարշավը պարզապես այլընտրանք չունի, քանի որ ՀՀ-ում կա մի տեր, մի իշխանություն, և դա ՀՀ քաղաքացին է: Այսպիսով նա բոլորին օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, հրավիրեց Հանրապետության հրապարակ` քաղաքացու իշխանության հաստատման հարյուր օրը ամփոփելու համար և խոսելու հետագա հաղթարշավի արդյունքների մասին:
«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-ասաց նա: